Ծխախոտի քուլաների մեջ տեսնում ենք մեր երազած կանանց. Ռաֆայել Քոթանջյան

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվա առթիվ yerkirmedia.am-ը զրուցել է մշակույթի գործիչների հետ...
qotanjyan

Այսօր Հայաստանում նշվում է Ծխախոտի դեմ պայքարի օրը։ Yerkirmedia.am-ը զրուցել է մի խումբ մշակութային գործիչների հետ և հետաքրքրվել՝ ինչն է նրանց խանգարում թողնել ծխելը կամ հակառակը՝ «ստիպում» դա անել:

Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանը թեև ծխում է, բայց առանձապես ուրախ չէ այդ փաստով. «Հասկանում եմ, որ դա լավ բան չէ: Չգիտեմ՝ ինչի համար եմ ծխում, եթե պատճառն իմանայի, ապա կթողնեի»:

Հանրային վայրերում հաճախ կարելի էր տեսնել երգիչ Ֆորշին ծխելիս, պարզվում է՝ նա արդեն 3 ամիս է, ինչ թողել է: «Մի օր արթնացա, սիգարետը կպցրեցի, տեսա, որ դուրս չի գալիս»,- ասում է Ֆորշը՝ հավելելով, որ ծխելը ոչ թե մուսաներին բերելու միջոց էր, այլ՝ սովորություն:

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին ծխելն օգնում է, երբ մտքերը հավաքելու կարիք է ունենում:

«ԱՄՆ-ում բնակվող ընկերներիցս մեկը մի օր ասաց, որ Playboy-ը գնել է իր պատմվածքը, որը կոչվում է «Ամարետտո»: Նա պատմվածքն այդպես էր անվանել, որովհետև լավ ընկերներով երբեմն հավաքվում ենք, հանում ենք սիգարները, սկսում ենք ծխել, նայում ենք քուլաներին և դրանց մեջ տեսնում ենք մեր երազած կանանց, որոնց վաղուց չենք տեսել: Ծխելը պետք է, որպեսզի երբեմն հիշողությանդ մեջ կարողանաս վերականգնել այդ գեղեցիկ պատկերները, որոնք կամաց-կամաց խամրում են»,- անկեղծացավ արտիստը՝ հավելելով, որ իրեն նվիրել են մի փոքրիկ արձանիկ, որի վրա գրված էր «Cigar man», այն հավերժացնում է նրա ծխելը:

Իսկ դերասան Լևոն Հարությունյանը շատ լակոնիկ գտնվեց. «Ջանս, ես ամեն օր 4 տուփ ծխում եմ»:

 

Պատրաստեց՝

Արաքս Առաքելյանը

*

*