Համբերանքի չիբուխը

Ժողովրդական ասացվածք կա՝ առանց սիգարետ ծուխ չի լինում
cxel-ckhakhot

Լավ, է, այս ինչ ժողովուրդ ենք՝ դժգոհ ամենքից ու ամեն ինչից, մեր լավն ու վատը չհասկացող՝ ոնց որ 2.7 տարեկան երեխա…

Էն խեղճուկրակ առողջապահության նախարարությունը բոլոր հարցերը մի կողմ թողած՝ մեր առողջության մասին է մտածում, իսկ մենք մի հարայ-հրոց, մի աղմուկ, մի ֆեյսբուքյան աղաղակաբույլ՝ թե հասեք, խեղճ ծխողներին ուզում են կրակը գցել։ Տո շատ էլ լավ է անում, բա ինչի համար են նախարարությունները, նախարարության մանր ու մեծ պաշտոնյանները, եւ վերջապես՝ քարտուղարուհին, որ ծխելուց խռպոտած ձայնով բարի լույս է մաղթում շեֆին՝ մի բաժակ սուրճը՝ ձախ ձեռքին… Ինչո՞ւ հենց ձախ, ի՞նչ ես ուզում դրանով ասել՝ սոցցանցային ընդդիմախոսներիս ձայնն եմ լսում արդեն։ Նորմալ է. վաղուց եմ նկատել, որ բուն նյութը թողած՝ մեր տառաճանաչ հասարակության մի ստվար զանգվածի մարմնամասերն են հետաքրքրում, մի քիչ էլ՝ մանրամասները։

Բայց լավ, որ մի րոպե լռեք՝ կասեմ. մի բաժակ սուրճը՝ ձախ ձեռքին, որ աջ ձեռքով պարզապես դուռը հրի՝ ներս մտնելու համար։

Ինչեւէ, հենց նրա համար են տարատեսակ ու բազմաքանակ գերատեսչությունները, նախարարությունները, խեղճուկրակ առողջապահության նախարարությունն էլ հետը, որ գործ անեն, գործ, ոչ թե ծուխ փչեն հասարակության աչքին։

Ծուխ… Մի տեսակ դարդոտեցիք կարծես։ Հա, հասկանում եմ, հին ժողովրդական ասացվածք կա՝ առանց սիգարետ ծուխ չի լինում, ու ծխելու դեմ առաջարկվող նախագծի՝ որոշում դառնալուց հետո շատ բան պետք է վերանայել, այդ թվում՝ առածները, «Սասնա Ծռեր» էպոսը, հին ու նոր գրականությունը, երգերն ու ֆիլմերը… Ինչ իմանաս որտեղ կարելի է հանդիպել ծուխ կամ ծխախոտ,  էլ չասենք՝ «Նա սիգարետը մոտեցրեց շուրթերին…» արտահայտությունը։ Լրիվ ծխախոտային գովազդ, այսինքն՝ տուգանք՝ 700 հազար դրամի չափով։ Դե իսկ մոխրաման ու թութուն բառերն էլ արդեն սեռական բնույթի հայհոյանքների շարքին կարելի է դասել։ Չնայած երբեք չեմ հասկացել, թե ոչ սեռական բնույթի հայհոյանքը որն է։

Ինչեւէ, անընդհատ շեղում եք։ Մեր պատմության ու արվեստի վերազննումն ու վերաարժեւորումը կարելի է հանձնարարել մշակույթի նախարարությանը,  թե չէ քանդվող ու ոչ ժամանակին վերակառուցվող եկեղեցիների պատճառով էն մեր Արմեն Ամիրյանը քիչ է մնում հերթական այցի ժամանակ դարդոտած ծխի (նույնիսկ եթե ծխող չէ)։

Շատ չհոգնեցնեմ։ Ապրի′ մեր առողջապահության նախարարությունը, նախարարն էլ՝ հետը, ամենաառողջապահ նախարարն աշխարհում։  Հա, մի առաջարկ էլ մենք անենք. եթե ասենք դատապարտյալը որպես վերջին ցանկություն ասի՝ ուզում եմ ծխել, կամ պետբյուջեից 250 հազար դրամ նույն պետբյուջեին տուգանք վճարել ու թույլատրել, կամ անմիջապես գնդակահարել նրան. հերիք եղավ, բոլ եղավ՝ ինչքան կարելի է ասել՝ ծխելը ՎԸ-ՆԱՍ Է ձեր առողջությանը, գրպանին, ընտանեկան բյուջեին, վարկերը ժամանակին մարելուն, հարսանիք գնալուն, ավտոմեքենա գնելուն, ուսման վարձը հասցնելուն…

Վայ, էսքան անլրջության մեջ մոռացանք մի լուրջ հարց. գուցե իսկապես արժե մի թեթեւ գնդակահարել հասարակական տրանսպորտի այն հակահասարակական արարածներին, որոնք մի ձեռքով ծխում են, մյուսով՝ հեռախոսով խոսում, ղեկն էլ թե ինչով են բռնում՝ անհայտ է։

Լավ, հասնում եմ Բագրատաշեն։ Անցնեմ, մի բաժակ սուրճ, մի «բլոկ» սիգարետ ծխեմ՝ հետ գամ։

Հ.Գ.-Էն «Գրանդ Տոբակոյի» դարպասներին տեսնես ինչու է գրված՝ «Վաճառվում է»…

 

 

Հեղինակ՝

Արծրուն Կոստանդյան

*

*