Ծխախոտն էլ հո միս չէ, որ «թարգես» օգտագործել՝ կարտոֆիլի անցնես

Ինչևէ, ծխողը ծխելու է, դեռ ավելին՝ ծխելու արգելքներից ավելի նյարդայնացած՝ ավելի շատ է ծխելու:
moxraman-cxaxot

Բայց շատ բարեփոխիչ ու առաջընթացի ծարավ դուրս եկանք: Անգամ մի բարեփոխումը մյուսին հերթ չի տալիս, դեռ մեկը չսկսված՝ մյուսն է ասպարեզ նետվում: Այդպես էլ աջ ղեկով մեքենաների արգելման իմաստն ու նպատակահարմարությունը դեռ չհասկացած ու չմարսած՝ ստացվեց հասարակական վայրերում ծխելն արգելելու «բոթը», կամ էլ «ավետիսը»՝ նայած ում համար ինչպես: Ծխելը կարող է արգելվել գրեթե ամենուր, անգամ՝ բացօթյա տարածքներում, հյուրանոցներում, ժամանցի վայրերում և բարերում, իսկ թե որևէ մեկը հանդգնի ծխել, կտուգանվի անգթորեն՝ սկսած մեքենայում ծխելու համար 50.000 դրամից մինչև 300.000 դրամ՝ հատիկով սիգարետ վաճառելու համար:

Ինչ խոսք, ծխելն իրոք վնասակար է առողջությանը, բայց ամեն ոք յուրովի է մտածում այս հարցում ու ծխել-չծխելը յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է: Ծխելն արգելելու հարցի շուրջ էլ ամեն մեկը յուրովի է մտածում՝ նայած թե ինչն է իրեն դուրեկան և հաճելի: Մարդկանց մի հատված խանդավառությամբ է վերաբերում սրան, մի մասը՝ սվիններով ընդունում: Դա բնավ չի ենթադրում, որ ծխելը, թեկուզ լինելով վնասակար սովորություն և ցանկացածի առողջության համար սպառնալիք, ենթակա չէ սահմանափակման, այն էլ՝ հանրային վայրերում: Միևնույն ժամանակ՝ հանրության մեջ մարդկանց համար անձնական ազատության որոշակի տարածքներ կան, որոնք անձեռնմխելի են պետության համար, ինչից ելնելով էլ ոչ ոք չի կարող մարդուն արգելել ծխել ընդհանրապես. էլ ուր մնացին անօտարելի իրավունքներն ու ազատություններն ի վերջո: Բայց ելնելով նրանից, որ հանրությունը բաղկացած չէ միայն ծխող կամ չծխող հատվածներից, ապա մի մասը պետք է կողմ լինի դրա սահմանափակմանը, մի մասն էլ դեմ՝ այն սեփական ազատությունների ու կենսակերպի ազատ վարման ոտնահարում համարելով:

Բայց այս ամենը դեռ մի կողմ: Ամենամեծ խնդիրը նրանումն է, թե ինչ է տալու նման կտրուկ սահմանափումը, արդյոք աչքի է ընկնելու ցանկալի արդյունավետությամբ: Երևի թե երկար կարելի է թվարկել այն բարեփոխումների շարքը, որոնք թղթային ձևակերպումից այն կողմ չեն գնացել, իսկ ինչու՞: Դժվար չէ գուշակելը, որ պարտադրաբար տուգանքների ու պատիժների սպառնալիքով այս կամ այն փոփոխություն հարկադրելը չի ապահովում այն արդյունավետությունը, որը կարող է ցանկալի լինել, և շատերը պարզապես գլխացավանքից խուսափելու համար հետևում են այս կամ այն կարգին, և ոչ թե գիտակցում դրանց օգտակարությունն ու նպատակահարմարությունը։ Գուցե հնարավոր է հարկային պարտավորություններից խուսափելու, երթևեկության այս կամ այն կանոնը խախտելու կամ, ասենք, ընտրախախտում կատարելու համար պատիժներ ու տուգանքներ սահմանելով մարդկանց ընտելացնել օրինական քաղաքացիական կյանքով ապրելուն, բայց հարյուր հազարավոր դրամ տուգանքներով մարդկանց չես ստիպի «թարգել»: Իսկ որպեսզի հակածխախոտային բարեփոխումներն իրենց նպատակին ծառայեն, առողջապահության նախարարությունն առաջարկում է  կտրուկ նաև ծխախոտի գինը թանկացնել՝ ակնկալելով, որ բոլոր այս քայլերի շնորհիվ ծխողների թիվը շուրջ 30-40%-ով պետք է նվազի:  Բայց չէ որ ծխախոտն էլ, ի վերջո, միս չէ, որ թանկությունից դադարես օգտագործել ու կարտոֆիլի անցնես:

Անկասկած սա իր դրական կողմերն էլ ունի. բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն ծխում և չեն ցանկանում, օրինակ, երթուղայինում վարորդի ծխախոտի ծուխը շնչել, գնալ սրճարան կամ հանրային մեկ այլ վայր՝ ծխախոտի բույրի ուղեկցությամբ, արդարացիորեն կարող են սա պահանջել, և էթիկապես խնդիրներ, կարծես, դա չի հարուցում: Բայց մյուս կողմից ինչպես կարելի է բարերում, սրճարաններում ու ժամանցի նմանատիպ այլ վայրերում ծխելն իսպառ բացառել, երբ ծխողն էլ իրավունք ունի իր ժամանցն ու հաճույքը ազատորեն վայելել, ինչից ելնելով խնդրի լուծումը, երևի թե, ցանկացած վայրում՝ սրճարանից սկսած  գրասենյակով վերջացրած, ծխողների համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է:

Ինչևէ, ծխողը ծխելու է, դեռ ավելին՝ ծխելու արգելքներից ավելի նյարդայնացած՝ ավելի շատ է ծխելու: Մի բան ակնհայտ է. ցանկացած փոփոխություն, որը հանրության մի զգալի մասի դժգոհությունն է առաջացնում, պետք է ողջամտորեն կատարվի՝ շեշտը դնելով այն քայլերի վրա, որոնք պետք է ապահովեն դրանց ազդեցիկությունն ու արդյունավետությունը։

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*