Հայաստանում ՃՏՊ-ներից ամենահաճախը տուժում են 6-11 տարեկան երեխանները

Ամեն տարի ոչ կանխամտածված վնասվածքներից մահանում է 20 տարեկանից ցածր տարիքի 42 հազար մարդ:
carseet

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ եվրոպական տարածաշրջանում ամեն տարի ոչ կանխամտածված վնասվածքներից մահանում է 20 տարեկանից ցածր տարիքի 42 հազար մարդ: Պատճառներից առաջատարը ճանապարհատրանսպորտային պատահարներն (ՃՏՊ) են:

2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է մանկական վնասվածքների մշտադիտարկման համակարգ, որի շրջանակներում անցյալ տարվա ընթացքում արձանագրվել է ՃՏՊ-ների հետևանքով մանկական վնասվածքի 189 դեպք, որը կազմում է ընդհանուր դեպքերի 2.2%-ը, այդ թվում 98-ը՝ մինչև 11 տարեկան երեխաների շրջանում (51.9%):

Այս տարվա առաջին 5 ամսվա ընթացքում ՃՏՊ-ների հետևանքով վնասվել է 67 երեխա, այդ թվում 45-ը (67.2%)` մինչև 11 տարեկան:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ՃՏՊ-ներից ամենահաճախը տուժում են 6-11 տարեկանները: Հարկ է նշել, որ դեպքերի 67 %-ում երեխաները եղել են ուղևոր, որոնց կողմից չեն կիրառվել ոչ ամրագոտիներ, ոչ էլ մանկական պահող համակարգեր:

Երեխաների շրջանում վնասվածքների վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով օրենսդրական փոփոխություններ են կատարվել (ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ 439-Ն որոշում), ըստ որի մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով: Ոստիկանության տվյալների համաձայն՝ որոշման ընդունումից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ արձանագրվել է երեխաների ամրակապման և փոխադրման կանոնների խախտման 178 դեպք:

*

*