Պետք չէ մարդկանց մոլորության մեջ գցել և զգոնությունը թուլացնել. ռազմական փորձագետ

Լայն տարածվում է այն «տեղեկությունը», թե իբր սահմանամերձ Չինարի գյուղն այլևս չեն կարող գնդակոծել-ռմբակոծել․․․
chinari

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երեկվանից կարդում եմ ու տեսնում եմ, որ լայն տարածվում է այն «տեղեկությունը», թե իբր սահմանամերձ Չինարի գյուղն այլևս չեն կարող գնդակոծել-ռմբակոծել, և իբրև այսուհետ կբացվի Չինարի գյուղին մերձակա 13-րդ դարի Խորանաշատ վանքի ճանապարհը, քանի որ այդ ճանապարհը նույնպես վերահսկվում է հայկական զինուժի կողմից, որը չէր գործում ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով:

Զարմանում եմ, որ լրատվամիջոցները, կարդալով նման ստատուսները՝ իսկույն լուր են դարձնում ու հրապարակելով տարածում՝ առանց հավաստիությունը ստուգելու ու ճշգրտելու ՀՀ ՊՆ-ի կամ ԱՀ ՊԲ-ի հետ:

Այո, որոշակի դիրքային բարելավում վերջին շրջանում այդ տեղանքում կա, բայց այնպես չի, ինչպես տարածվող այդ ստատուսում:

Ինքնախաբեություններից հեռու մնանք, որքան էլ ցանկալի լինի նման լուրը: Պետք չէ մարդկանց մոլորության մեջ գցել և զգոնությունը թուլացնել, էլ չասեմ, որ հավատալով նման տեղեկությանը՝ ինքնագործունեության արդյունքում մարդիկ կարող է հայտնվեն վտանգավոր տեղանքներում:

Նման «լուրերը», կրկնում եմ, առանց պաշտոնական աղբյուրների հետ ճշգրտման՝ մի դիտեք որպես բացարձակ իրականություն: Ցանկալին իրականության տեղ չպետք է մատուցել, որպեսզի խուսափենք սխալներ թույլ տալուց և ոգևորությունը հիասթափություն դարձնելուց»:

*

*