Չինարիի վրա այս հարձակումն առաջինը չէր — Երկիր Մեդիա

Չինարիի վրա այս հարձակումն առաջինը չէր

Սցենարը կրկնվում է նաեւ այսօր, բայց օրեցօր ավելի ամրապնդվող եւ կահավորվող հենակետերում հայ զինծառայողները շարունակում են վերահսկել իրավիճակը..
chinari

 

Հրադադարի մասին hամաձայնագրի ստորագրումից հետո հայ-ադրբեջանական սահմանային գոտում գրեթե միշտ էլ կրակոցներ լսվել են, բայց վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելի հաճախակի են դարձել: Եվ խոսքը ոչ միայն գնդակոծությունների եվ դիպուկահար կրակոցների մասին է, որոնց զինվորականներից բացի, երբեմն զոհ են դառնում նաեւ խաղաղ բնակիչները, այլեւ դիվերսիոն գործողությունների:

Այս առումով հակառակորդը հատկապես ակտիվություն է ցուցաբերում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ուղղությամբ: 2012 թվականի հունիս 4-ին կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը` հակառակորդը փորձել էր ներթափանցել Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հենակետեր: Դիվերսիան իրականացվել էր 2 ուղղությամբ, 3 զոհերի եւ վիրավորների գնով հայ դիրքապահներին հաջողվել էր կասեցնել հակառակորդի առաջխաղացումը՝ նրան պատճառելով զգալի կորուստներ:

2015թ. հունվարի 23-ի առավոտյան 9-ի սահմաններում եւս ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում էին իրականացրել այս սահմանագոտում տեղակայված մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Գրեթե կես ժամ տեւած մարտից հետո հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով՝ հետ էր շպրտվել: Ցավոք, այն ժամանակ եւս հայական կողմը 2 զոհ եւ վիրավորներ էր տվել:

Սցենարը կրկնվում է նաեւ այսօր, բայց օրեցօր ավելի ամրապնդվող եւ կահավորվող հենակետերում հայ զինծառայողները շարունակում են վերահսկել իրավիճակը եւ համարժեք գործողություններ իրականացնել:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*