Նախկին նախարարի վարորդին անօրինական 9 մլն դրամ փոխանցելու կասկածանքով քրգործ է հարուցվել

Կատարվում է նախաքննություն
vostikanutyun

ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել կրթության և գիտության նախկին նախարարի վարորդին որպես աշխատավարձ անօրինական 9 մլն դրամ փոխանցելու կասկածանքով:

Հաղորդագրության մեջ նշված է. «Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ գլխավոր դատախազությունից և ԱԱԾ-ից յուրացման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։

Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտության վարչության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենին դրդել է 2011 թվականի փետրվարից 2016 թվականի մարտը որպես քոլեջի վարորդ հրամանագրել կրթության և գիտության նախկին նախարարի վարորդին։ Նա աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է 2,5 միլիոն դրամից ավելի աշխատավարձ։

Պարզվել է նաև, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախկին նախարարի վարորդին 2009-ից 2016 թվականները որպես բանվոր է հրամանագրել Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի նախկին տնօրենը։ Վարորդն այստեղ էլ աշխատանքի չի հաճախել, բայց վարձատրվել է։ Արդյունքում՝ քոլեջի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը վատնելու եղանակով հափշտակել է շուրջ 4,5 միլիոն դրամ։

Նախապատրաստված նյութերով միաժամանակ պարզվել է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2016-17 թվականներին որպես համալսարանի շենքերի, շինությունների և տեխնիկական ծառայությունների բաժնի վարորդ է հրամանագրել նույն անձին։ Վարորդն առանց աշխատանքի հաճախելու կրկին վարձատրվել է։ Նշված ժամանակահատվածում համալսարանը նրան է փոխանցել շուրջ 2 միլիոն դրամ և հատկացրել շուրջ կես միլիոն դրամի՝ 1230 լիտր վառելիք։

Ձեռք բերված փաստական տվյալներով՝ քննության որոշակի փուլում հիմնավորվել է, որ 2009-2017 թվականների ընթացքում, նշված երեք պետական ոչ առևտրային կազմակերպություններից նախկին նախարարի վարորդի անվամբ փոխանցվել է ընդհանուր շուրջ 9 միլիոն դրամ և կես միլիոն դրամի վառելիք։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն»։

*

*