Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «ԱրարատՑեմենտ»-ի աշխատակիցների հետ

«ԱԺ հանձնաժողովը չի մտածում, որ շատ ընտանիքներ անգործ են մնալու»
gagik-carukyan-aj

«ԱրարատՑեմենտ» ընկերության սեփականատեր, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ընկերության աշխատակիցների հետ: Նա նշել է, որ եթե Իրանից ներկրվող կլինկերը պետական տուրք չվճարի, ընկերության համար դժվար կլինի անհավասար պայմաններում աշխատել: Իր խոսքով՝ ԲՀԿ-ական պատգամավորներն այդ հարցը բարձրացնելու են:

«Ես ոչ միայն սեփականատեր եմ, այլեւ կուսակցության ղեկավար, որը մտահոգ է երկրի, տնտեսության ու ժողովրդի համար: Ես լիարժեք տիրապետում եմ խնդրին, դրա լուծմանը: Քննարկվել էր տուրքը բարձրացնելու և տեղական արտադրողին արտոնություն տալու հարց: Պայմանավորվեցինք, կառավարությունը հանձնարարել էր, որ կլինկերի և ցեմենտի ներկրման համար պետք է տուրք վճարեին: Եվ հանկարծ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը որոշեց, որ կլինկեր ներկրելու համար չպետք է տուրք վճարեն», — ասաց Ծառուկյանը:

Նա նշել է, որ իրենք ցեմենտի գինը 50 000 դրամից իջեցրել են 40 000 դրամ, որ տեղական արտադրանքը մրցունակ լինի: 100 հազար տոննա ցեմենտ ստանալու համար տալիս են 3 մլն դրամ գազի փող, 1.5 մլն՝ հոսանքի փող, չհաշված հումքն ու աշխատողների աշխատավարձը: Ծառուկյանի կարծիքով՝ ԱԺ հանձնաժողովը չի մտածում, որ շատ ընտանիքներ անգործ են մնալու:

«Պատգամավորներին ասել եմ, որ հարցը բարձրացնեն, ես էլ եմ վաղը գնալու խորհրդարան: Մենք այսօր խնդիր ունենք՝  կարգավորել վիճակը»,- ասաց Ծառուկյանը:

Օրեր շարունակ «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել: Ցանկություն էին հայտնել հանդիպել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և նրանից տեղեկանալ գործարանի խնդիրների մասին: 

*

*