Սուրբ եկեղեցին տոնեց Ծաղկազարդը, տեղի ունեցավ Դռնբացեքի արարողություն

Ծաղկազարդի երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է Դռնբացեքի արարողությունը։

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նախօրեին տոնեց Ծաղկազարդը` Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

«Օրհնութի´ւն Դաւթի Որդուն, օրհնեա´լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի´ւն՝ բարձունքներում»: Ըստ Աստվածաշնչի՝ ուրախության բացականչություններով մարդիկ դուրս էին եկել Երուսաղեմի փողոցներն ու երկրպագում էին ավանակի վրա խոնարհաբար իրենց քաղաք մտնող Փրկչին, նրա ճանապարհին իրենց զգեստներն ու ծառի ճյուղեր էին փռում: Քրիստոսին ընդառաջ ելած մարդկանց մեջ նաեւ բազմաթիվ երեխաներ կային:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ծաղկազարդը հռչակել է երեխաների օրհնության օր:

Էջմիածնի տոնական պատարագին ներկա էին նաեւ Հայաստանի տարբեր թեմերից սոցիալապես անապահով ընտանիքների 300 մանուկներ՝ այդ թվում սիրիահայեր: Ծաղկազարդին նրանց համար միջոցառում էր կազամակերպել Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը: Էջմիածնի հայորդյաց տանը երեխաները մասնակցեցին տոնական համերգին: Տեր Մարկոս քահանա Մանգասարյանն ասում է` գիտեն, որ այս միջոցառումով մանուկների լուրջ խնդիրները չեն լուծվում, բայց կարեւոր է իմանան, որ իրենցով մտահոգված, իրենց սիրող մարդիկ կան:

«Այս երեխաներին ճիշտ դաստիարակելու, իրենց մեր սերը ճիշտ տեղ հասցնելու համար պետք է հստակ իմանանք, որ այլ ճանապարհ չունենք, քան իրենց մեջ հոգեւոր, բարոյական ճիշտ գիտակցություն դաստիարակելն, իսկ դա առանց եկեղեցու, առանց քրիստոնեության ինձ համար անընդունելի է: Չեմ կարող պատկերացնել՝ ինչպե՞ս կարելի է մեկին ճիշտ բարոյական դաստիարակություն տալ, հոգեմտավոր կրթություն տալ առանց քրիստոնեական արժեքների»,- ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Ծաղկազարդի երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է Դռնբացեքի արարողությունը՝ եկեղեցու կամ գավթի դռան առջեւ, երբեմն էլ՝ խորանի վարագույրի առջեւ, որը խորհրդանշում է երկնքի փակված դռները: Եկեղեցու սպասավորները աղոթքներով եւ շարականներով խնդրում են, որ Աստված բացի երկնքի դռները:

Դռների կամ վարագույրի հակառակ կողմից մեկ այլ հոգեւորական, ասես Աստվածային ձայնը խորհրդանշելով, հարց ու պատասխանի մեջ է մտնում արտաքին աշխարհում մնացածների հետ: Ապա լսվում է «Եկեք իմ Հոր օրհնյալներ եւ ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը»: Եվ բացվում են խորանի վարագույները:

«Այս արարողությունը մեզ նաեւ այն հույսն է փոխանցում, որ զղջանք, ապաշխարենք մեր մեղքերի համար եւ Աստված՝ որպես սիրող Հայր, մեզ անպայման կների եւ մեր առջեւ, ինչպես խորանի վարագույրը բացվեց, հավիտենական իրողությունների մեջ երկնքի դռները կբացվեն»,- ասում է Տեր Ադամ քահանա Մակարյանը:

*

*