Բյուրականի աստղադիտարանի 70 ամյակին նվիրված գիտաժողովը մեկնարկեց

«Ինձ բախտ վիճակվեց հանդիպել Վիկտոր Համբարձումյանին եւ սովորել նրա տեսությունը»,-պատմում է Իտալիայի Պադովայի աստղադիտարանի տնօրեն Մասիմո Տուրատոն:
gitazhoghov

«Բյուրականի աստղադիտարանն այսօր մեր գիտության այն օղակներից է, որ հայտնի է ամբողջ աշխարհում: Աստղադիտարանի նվաճումները միշտ էլ շատ բարձր են գնահատել բոլորը»,- Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ այս խոսքով հանդես է եկել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նրա խոքսով՝ ակադեմիայում նման գիտաժողովներ շատ են տեղի ունենում: Ակադեմիայի նախագահը հատկապես ընդգծել է երիտասարդների մասնակցությունը: Ըստ նրա՝ Բյուրականի աստղադիտարանն այսօր երիտասարդներին տալիս է ուսումնասիրություններ կատարելու բազմաթիվ հնարավորություններ:

Գիտաժողովը կտեւի մինչեւ սեպտեմբերի 23-ը: Այն անցկացվում է «Անկայուն Տիեզերք, էներգետիկ պաշարներ, ակտիվության երեւույթներ եւ էվոլուցիայի գործընթացներ» թեմայով: Մասնակցում են գիտնականներ աշխարհի տարբեր ծայրերից՝ ընդհանուր թվով 70 հոգի: Քառօրյա այս գիտաժողովը աստղադիտարանի հիմնադրման 70 ամյակնին նվիրված միջոցառումների հանդիսավոր մասն է կազմում:

«Ես առաջին անգամ Հայաստանում եղել եմ 1984 թվականին, եւ այդ այցելությունը շատ կարեւոր դեր խաղաց իմ կյանքում: Հենց այդ պատճառով էլ ես հիմա այստեղ եմ, որպեսզի նշեմ աստղադիտարանի 70 ամյակը: Իհարկե, սա շատ կարեւոր պահ է Բյուրականի համար, սակայն այն կարեւոր է նաեւ ինձ համար, քանի, որ այստեղ լինելով՝ ես շատ նոր բաներ սովորեցի: Մեծ փորձ էր ինձ համար, եւ հենց այդ ժամանակավանից էլ ես սկսեցի իմ համագործակցությունը այստեղի իմ գործընկերների հետ, արդեն 32 տարի է՝ ինչ մենք համագործակցում ենք: Ի դեպ, երբ ես եկա այստեղ, շատ երիտասարդ էի, ու դա իմ առաջին աշխատանքային փորձն էր: Ինձ բախտ վիճակվեց հանդիպել Վիկտոր Համբարձումյանին եւ սովորել նրա տեսությունը»,-պատմում է Իտալիայի Պադովայի աստղադիտարանի տնօրեն Մասիմո Տուրատոն:

*

*