Բուհեր-ում տարկետման իրավունքը վերացնող նախագիծն ԱԺ կուղարկվի 1 ամսվա ընթացքում

Խորհրդարան կուղարկվի օրենքի նախագիծ, որով ժամկետային զինվորական ծառայությունը պարտադիր կդառնա բոլոր 18 տարեկանների համար:

Վերջին շրջանում արդիական է դարձել ու ակտիվորեն շրջանառվում է ԲՈՒՀ-երից տարկետման իրավունքը վերացնելու եւ 18 տարեկանների համար զինվորական ծառայությունը պարտադիր դարձնելու գաղափարը: Այս գաղափարը նոր չէ, նախկինում էլ շրջանառվել է, սակայն հիմա արդեն կառավարությունը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:

Ծառայե՞լ՝ հանուն երկրի անվտանգության, թե՞ չծառայել՝ հանուն գիտության. մինչեւ այս նստաշրջանի ավարտը պատգամավորները կփորձեն գտնել այս հարցի պատասխանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն օրեր առաջ տեղեկացրեց, որ շուտով խորհրդարան կուղարկեն օրենքի նախագիծ, որով ժամկետային զինվորական ծառայությունը պարտադիր կդառնա բոլոր 18 տարեկանների համար: Տարկետման իրավունքից ուսանողները կարող են օգտվել միայն բացառիկ դեպքերում:

«Կան որոշակի մասնագիտություններ, դրանք հատկապես այն բնագիտական մասնագիտություններն են, որոնց պոտենցիալն ուղղվում է դեպի ռազմաարդյունաբերությունը: Բացառությամբ որոշակի դեպքերի՝ մենք այդ լուծումը տալու ենք»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

«Զինապարտության» ու «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքները փոփոխելու եւ տարկետումը հանելու առաջարկով մոտ 1 տարի առաջ հանդես էին եկել «Ժառանգության» պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը: Կառավարությունը նախագծին դրական եզրակացություն չտվեց, բայց նաեւ չմերժեց. առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել մինչեւ 1 տարով:

1 ամիս առաջվա քառօրյա պատերազմը խնդրի նոր շերտ բացեց. առաջնագծում զոհվածների ճնշող մեծամասնությունը անապահով ընտանիքներից են: Իրավիճակը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բացատրեց ուղիղ կապով, որ առկա է բարձրագույն կրթություն ստանալու, հետբուհական կրթությունը շարունակելու եւ սոցիալական ապահովվածության միջեւ:

«Մեր հասարակությունը պետք է իմանա հետեւյալը. ովքեր են կարողանում բարձրագույն կրթություն ստանալ, տարկետում ստանալ, ովքեր են կարողանում ասպիրանտուրա ընդունվել. հիմնականում միջին եւ բարձր խավերի ընտանիքներից են: Նրանց մեծ մասն էլ հիմնականում լրացնում են սերժանտական կազմը»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Որքանո՞վ է կառավարությունում մշակվող նախագիծը կարգավորելու խնդիրը, ի՞նչ բացառություններ է սահմանելու, դեռ պարզ չէ: Գործող օրենսդրությամբ՝ տարկետման իրավունքից օգտվում են միայն պետպատվերով սովորող ուսանողները: Ֆակուլտետներ էլ կան, օրինակ, էլիտար համարվող իրավաբանականն ու միջազգային հարաբերությունները, պետպատվեր չունեն ընդհանրապես:

Հանրապետական Շիրակ Թոոսյանն այսօր լրագրողներին վստահեցնում էր, թե այս ֆակուլտետներից ուսանողները գնում են ծառայության 18-ը լրանալուն պես: Ընդհանուր առմամբ, նա կարծում է, որ ծառայությունից վերադարձած ուսանողը գիտությանը նվիրվում է առավել գիտակցված:

«Ես, որպես ԲՈՒՀ-ում դասավանդող եւ ուսանողների հետ շփվող մեկը պնդում եմ, որ մենք հրաշալի երիտասարդներ ունենք, ովքեր ավելի խորն են ընկալում, հասկանում՝ խորանա՞ն գիտության մեջ, թե՞ ոչ: Բանակից վերադառնալուց հետո նրանք ավելի լավ են, գիտակցված են որոշումներ կայացնում: Ես չեմ ընդունում, թե բանակում ծառայությունը կարող է վնասել բարձրագույն կամ հետբուհական կրթությանը»,- ասաց Շիրակ Թորոսյանը:

Տարկետման իրավունքը վերացնող օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունն Ազգային ժողով է ուղարկելու 1 ամսվա ընթացքում, բովանդակային ինչ մանրամասներով՝ պարզ չէ: Հստակ է մի բան՝ պատերազմը դառնում է բնական վիճակ, անվտանգության ապահովումը՝ կարեւոր խնդիր: Թեպետ դժվար չէ ենթադրել, որ նախագծի քննարկումը խորհրդարանում հարթ չի անցնելու:

*

*