Նկարիչների միությունը կնպաստի բնապահպանական խնդիրների վերհանմանը

Բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
hushagir

Բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության միջև սեպտեմբերի 5-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Հուշագրով` ՀՀ բնապահպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում օժանդակելու և աջակցելու է կերպարվեստի միջոցով բնապահպանական խնդիրների վերհանման, հանրայնացման, լուծման առաջարկների նպատակով նկարիչների միության նախաձեռնած միջոցառումներին, իսկ վերջինս նախաձեռնելու է  միջոցառումներ /ցուցահանդեսներ, անհատական ցուցադրություններ, քննարկում-հանդիպումներ/ կերպարվեստի միջոցով բնապահպանական խնդիրների ներկայացման, դրանց հանրայնացման նպատակով:

Ստորագրման արարողության մեկնարկին ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը տեղեկացրել է, որ հուլիսի 19-ին ՀՀ նկարիչների միությունում անցկացված «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագրով նկարների ցուցահանդեսի ժամանակ միտք հղացավ նկարիչների հետ համագործակցությունը նոր որակական հարթության վրա դնելու և այն համագործակցության հուշագրով ամրագրելու մասին:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Բնապահպանության նախարարությունն աշնանը ներկայացնելու է էկոլոգիական կրթության, դաստիարակության զարգացման ռազմավարությունը, որի ավարտից հետո Հանրապետությունում կիրականացվեն արշավներ և կրթական ծրագրեր, որոնցում էական դեր կունենան նաև նկարիչները:

«Մենք համոզված ենք այն մոտեցման մեջ, որ անհրաժեշտ է էկոկրթության և էկոդաստիարակության շրջանակներում հանրությանն առավելագույնը մատուցել, և դա, մեր խորը համազմամբ կարող է նաև հենց պատկերների տեսքով, նկարիչների ստեղծագործությունների միջոցով լինել»,- նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

 

 

*

*