Արծվիկ Մինասյան. «Հաստիքների կրճատման հարցն իսկապես դժվար է որոշել»

Բնապահպանության նախարարությունում ՊՈԱԿ-ների միավորման հետևանքով հաստիքները կկրճատվեն 20 տոկոսով:
arcvik-minasyan

Բնապահպանության նախարարությունում ՊՈԱԿ-ների միավորման հետևանքով հաստիքները կկրճատվեն 20 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե օպտիմալացման հետևանքով նախարարությունում քանի հաստիք կարող է կրճատվել:

«Շատ ցավոտ տեղի կպաք, որովհետև ցանկացած գերատեսչության համար դա իսկապես դժվար որոշելիք հարց է»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ մի շարք կառուցվածքային փոփոխություններ են իրականացնելու կենտրոնական ապարատում:

«Խոսքը վերաբերում է ոչ միայն վարչություններին, այլ նաև գործակալություններին: Նախնական հաշվարկով շուրջ 22 տոկոս կրճատման ծրագիր է ներկայացվել»,- տեղեկացրեց նախարարը:

Բացի այդ, նախարարությունը 4 ՊՈԱԿ-ների միավորման նախագիծ ունի, դրանք մոնիտորինգ իրականացնող և թափոնների գործընթացում ուսումնասիրություն իրականացնող ու տեղեկատվական ՊՈԱԿ-ների միավորումն է, ինչի արդյունքում շուրջ 20 տոկոս հաստիքների կրճատում է իրականացվելու:

Նախարարի խոսքով՝ հաջորդ փուլում անդրադառնալու են բնապահպանական պետական տեսչության ռեֆորմին, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոնի առավել օպտիմալ համակարգ ձևավորելու նախաձեռնությանը:

*

*