Անձի հիվանդության վերաբերյալ տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է. փաստաբան

Հանցանք կատարած բուժաշխատողը կարող է տուգանվել կամ ազատազրկվել
bjishk-spanel

Բժշկական գաղտնիքի անհարկի հրապարակումը հաճախ է հանդիպում: Բուժաշխատողները դիտավորությամբ կամ անզգուշությամբ անձի հիվանդության վերաբերյալ տվյալներ են հրապարակում, որն էլ հետագայում թե′ բարոյական, թե′ հոգեբանական տեսանկյունից հիվանդի համար կարող է ճակատագրական դառնալ: Չնայած վերոնշյալ խնդիրն ունի լուծման իր տարբերակը, այն է՝ հիվանդի բժշկական քարտը կազմելիս ստանում են նաև վերջինիս գրավոր համաձայնությունը հիվանդության մասին տեղեկատվություն հրապարակելու վերաբերյալ, սակայն փորձը ցույց է տալիս, որ շատերը ստորագրում են փաստաթղթի տակ՝ առանց մանրամասն ծանոթանալու:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գոռ Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ոլորտում խախտումներ լինում են հատկապես փաստաբանական հարցումների ընթացքում. «Բժշկական հիմնարկի ղեկավարները հրապարակում են բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվություն՝ անտեսելով, որ փաստաբանական հարցման հիման վրա բժշկական գաղտնիք տրամադրելը չի բխում օրենքից, որն էլ հետագայում կարող է հանգեցնել անձի համար բացասական հետևանքների առաջացման»:

Ինչ վերաբերում է հիվանդի բժշկական քարտից բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման կապակցությամբ տրված գրավոր համաձայնությանը, ապա Գոռ Մարգարյանը նշեց, որ. «Բժշկական գաղտնիքը ամեն դեպքում պաշտպանվում է օրենքի ողջ խստությամբ: Եթե նույնիսկ փաստաթուղթ է տրվում ստորագրելու, անձին պետք է բացատրել դրա հնարավոր իրավական և ոչ իրավական հետևանքների մասին: Չնայած ՀՀ քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածով առանձին կարգավորումներ չկան, այնուամենայնիվ, եթե բժշկական հաստատության կողմից հիվանդության վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակվել, ապա արդեն իսկ տեղի է ունեցել օրենքի խախտում»:

Նշենք, որ բժշկական գաղտնիք է համարվում անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին ցանկացած տեղեկություն: ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից մարդու հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելու համար:

Հանցանք կատարած բուժաշխատողը կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ զրկվել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանավորվել մեկից երկու ամիս ժամկետով, իսկ եթե հրապարակումն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ապա մեղավորը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*