«Եթե հայրը, դաստիարակչական մղումներից ելնելով, երեխայի հետ կոպիտ խոսի…»

«Փորձ է արվում իրականություն ներմուծել այնպիսի օրենք, որի մոտեցումները հայերի մտածելակերպին հատուկ չեն»
erexa-brnutyun

ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մտավախություն ունի, որ կառավարության նախաձեռնությամբ ներկայացված ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նոր նախագիծը հաջողություն չի ունենա:

Այս մասին ասաց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումների շրջանակում:

Փորձ է արվում իրականություն ներմուծել այնպիսի օրենք, որի մոտեցումները հայերի մտածելակերպին հատուկ չեն, կարծում է Գեւորգ Պետրոսյանը։։

«Նախագծի համաձայն՝ ոստիկանությունը, որպես կանխարգելիչ միջոցառում, իրավունք ունի արգելել ծնողի և երեխայի տեսակցությունը, բայց չե՞ք կարծում, որ սա սահմանափակում է ՀՀ սահմանադրության 37-րդ հոդվածը, համաձայն որի միայն ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կարող է սահմանափակվել երեխաների և ծնողների տեսակցությունը։»,- ընդգծեց պատգամավորը եւ մտահոգություն հայտնեց.
«Եթե հայրը, դաստիարակչական մղումներից ելնելով, երեխայի հետ կոպիտ խոսի, պետք է աշխատանքից վերադառնալով տեսնի, որ այնտեղ կանգնած ոստիկանը 100 մետրից չի՞ թողնում նրան մոտենալ»,- ասաց նա։

ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ընդգծեց, որ ծնողների եւ երեխաների տեսակցության սահմանափակումները միայն դատարանի որոշմամբ են լինելու, իսկ օրենքում խոսք է գնում ոստիկանության կողմից երեխաների տեսակցության ժամանակացույց սահմանելու մասին:

*

*