Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ

Բնակիչները ճանապարհ փակել էին՝ պահանջելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակում»
berdavan

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Բնակիչները ճանապարհ փակել էին՝ պահանջելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակում», մասնավորապես, նկատի ունենալով բերդավանցի 34-ամյա Կարեն Ղազարյանին:

«Մեր վարչության պետն այնտեղ է եղել, գյուղացիների հետ քննարկումների մեջ էր: Մեր միջնորդությամբ այժմ ճանապարհը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է: Այժմ ես մեկնում եմ Բերդավան Կարեն Ղազարյանի ընտանիքի հետ հանդիպելու, գյուղացիների հետ քննարկում անցկացնելու: Վաղը նորից մտադիր են ճանապարհը փակել, հիմա իրենց հետ պետք է զրուցեմ իրավիճակը հստակեցնելու համար»,-ասել է Տավուշի մարզպետը:

Վահե Ղալումյանը նշել է, որ վերջին 15-20 օրը գյուղացիների հետ բանակցությունների մեջ են:

Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Նոյեմբերի 6-ին Ադրբեջանում սկսվել էր Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը։

*

*