Բերդի եւ հարակից համայնքների 6 դպրոցներում ֆիզիկայի ու քիմիայի լաբորատորիաներ են բացվել

Բոլոր դպրոցների քիմիայի եւ ֆիզիկայի ուսուցիչները վերապատրաստում են անցել։
Aygedzor-dproc-hof2 (1)

Այսօր Բերդ քաղաքի թիվ 3, ինչպես նաեւՊառավաքար, Տավուշ, Այգեձոր, Արծվաբերդ եւ Մովսես գյուղերի դպրոցներում պաշտոնապես բացվել են վերանորոգված, տեխնիկապես վերազինված ու նոր կահույքով հագեցած ֆիզիկայի եւ քիմիայի լաբորատորիաները։

Լաբորատորիաների աշխատանքային սարքերն ու նյութերը, սենյակների կահույքը, ինչպես նաեւ վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութը տրամադրվել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում։

Դասապրոցեսը լաբորատորիաներում լիարժեք անցկացնելու համար բոլոր դպրոցների քիմիայի եւ ֆիզիկայի ուսուցիչները վերապատրաստում են անցել մինչ 2018-19 ուսումնական տարվա մեկնարկը։

ՀՕՖ-ի Կրթական եւ գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը լաբորատորիաների պաշտոնական բացման արարողության ընթացքում նշել է, որ դրանք կօգնեն հետաքրքրություն առաջացնել բնագիտական առարկաների նկատմամբ, իսկ դասավանդող ուսուցիչներին էլ հնարավորություն կտա պրակտիկ պարապմունքների միջոցով ամրապնդել փոխանցվող գիտելիքները։

«Բնագիտական առարկաների լիարժեք դասավանդման համար  հանրակրթական, հատկապես, մարզային դպրոցների նյութատեխնիկական բազան թերհագեցած է։ Այս առարկաների միայն տեսական դասավանդմամբ հազիվ թե լավ հիմքեր ստեղծվեն բուհեր ընդունվողների համար: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ բնագիտական առարկաների գծով բուհ ընդունվողների քանակը կատաստրոֆիկ նվազել է։ Հետեւաբար, գիտության զարգացումը այս ուղղությամբ վաղ թե ուշ տուժելու է անհրաժեշտ մասնագետների պակասի հետեւանքով»,- հավելել է Կարապետյանը՝ բոլոր դպրոցների աշակերտներին հաջող ուսումնական տարի մաղթելով։

berd

*

*