Բեքչյանն ու Աթեշյանն առանձնազրույց են ունեցել

Հնարավոր է նոր հանդիպում Ստամբուլի նահանգապետարանում:
ateshyan-beqchyan

Պոսլո պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ապրիլի 6-ին պատրիարքարանում երկար սպասված առանձնազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը` նշելով, որ մինչև թերթի` տպագրության հանձնվելն առանձնազրույցը դեռ չէր ավարտվել:

Լրատվամիջոցի փոխամցմամբ` պատրիարքարանում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է նոր հանդիպում Ստամբուլի նահանգապետարանում: Այս անգամ հանդիպմանը պետք է մասնակցի նաև Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Առաջիկայում կայանալիք հնարավոր հանդիպմանը պետք է մասնակցի նաև Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և հոգևոր հայր Տրդատ Ուզունյանը մարտի 31-ին հանդիպել էին Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ: Հենց Մերջանն էր, որ մարտի 15-ին պատրիարքական տեղապահի ընտրության օրը գրություն էր ուղարկել Պոլսո Հայոց պատրիարքարան` ասելով, որ այդ ընտրությունները չեն կարող իրականացվել:

Հանդիպման ժամանակ Մերջանը հոգևորականներին հիշեցրել էր հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը` ասելով, որ նոր պատրիարքի ընտրության գործընթացը կարող է սկսվել միայն ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո: Բացի այդ, Ստամբուլի փոխնահանգապետը հայտնել էր, որ իրենք որևէ գրություն չեն ստացել այն մասին, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ճանաչվել է որպես «պատրիարք ի հանգստյան» և որոշում է ընդունվել պատրիարքի ընտրության գործընթաց սկսելու մասին:

*

*