Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները սպասում են ԱԺ-ում հանդիպման արդյունքին

Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողները ոստիկանության հորդորով բացեցին Բաղրամյան պողոտան:
baxramyan-poxota-cuyc2

Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները ոստիկանության հորդորով բացեցին Բաղրամյան պողոտան:

Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ։

Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներն աշխատանքային խումբ էին ձևավորել, որն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ: Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները բացեցին Բաղրամյան պողոտան, սակայն չեն հեռանում տարածքից, սպասում են աշխատանքային խմբի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միջև հանդիպման արդյունքներին, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքները:

Օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել  բուքմեյքերական գրասենյակների թիվը: Աշխատակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակների փակմամբ խաղամոլության խնդիրը չի լուծվում:

Ոստիկանները ցուցարարներին հայտնել էին, որ Ազգային ժողովում պատրաստ են նրանց հետ հանդիպել, առաջարկել են 5 հոգանոց աշխատանքային խումբ ձևավորել և մտնել խորհրդարան՝  խնդիրը քննարկելու համար: Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները կազմեցին աշխատանքային խումբ և մտան Ազգային ժողովի շենք:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծով առաջարկում է խաղադրույքներ ընդունելու կետերը` բեթշոփերը արգելել, թողնել մի քանի վայրերում: Սկզբում առաջարկվել է, որ յուրաքանչյուր մարզկենտրոնում յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն ունենա մեկական կետ, Երևանի ամեն վարչական շրջանում ևս մեկական կետ, հետո քննարկվել է ամեն ընտրատարածքում մեկական կետ ունենալու տարբերակը: Մեկ տարուց հետո աստիճանաբար այդ կետերը պետք է փակվեն, սկզբում դուրս կգան մարզերինը, հետո Երևանում եղածները և երկու տարում ամբողջությամբ կփակվեն բեթշոփերը:

Բուքմեքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից։

 

*

*