«Մայիսյան հերոսամարտերում կենաց մահու կռվի ելած հայ ժողովուրդը թշնամու դեմ միայնակ էր, սակայն` միասնական»

Մայիսյան հաղթանակների, դրանց արդյունքների ու կարեւորության մասին այսօր նաեւ Ապարանում են խոսել։

Մայիսյան հաղթանակների, դրանց արդյունքների ու կարեւորության մասին այսօր նաեւ Ապարանում են խոսել։ 1918-ի մայիսին թուրքերը սկսել էին եռաճակատ պատերազմ` Սարդարապատում, Ապարանում, Ղարաքիլիսայում: Այն օրերին, երբ թվաց, որ ոչ մի ուժ չի փակի թուրքերի ճանապարհը, Երեւանի Ազգային Խորհրդի նախագահ Արամ Մանուկյանն Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանին հրամայեց կազմակերպել ինքնապաշտպանությունը: Ռազմաճակատի հրամանատար նշանակվեց Դրաստամատ Կանայանը:

Պատմության գրքերը Պետրոսը թեեւ դեռ չի հասցրել թերթել, սակայն լավ գիտի մայիսի 28-ի խորհուրդը: Հայրը պատմել է, որ 98 տարի առաջ մայիսյան հերոսամարտերում նաեւ իր պապերն են կռվել: Ասում է՝ հերոսներին էլ գիտի, պարզապես անուններն է մոռացել:

«Ես գիտեմ, որ այս օրը Բաշ Ապարանի կռիվն է եղել ու մենք հաղթել ենք թուրքերին»,- ասում է նա:

98 տարի անց՝ մայիսի 28-ին, կրկին նույն հերոսական ոգին է եւ չնվազող ոգեւորությունը:

Բաշ Ապարանը, Սարդարապատը, Ղարաքիլիսան դարձան սեփական երկրի համար վճռական պայքարի ամենավառ դրսեւորումը: Մայիսյան հերոսամարտերում կենաց մահու կռվի ելած հայ ժողովուրդը թշնամու դեմ միայնակ էր, սակայն` միասնական: Մայիսյան հերոսամարտերը դուռ բացեց հայության դարավոր երազանքի առաջ` վերականտգնելով անկախ պետականությունն ու ստեղծելով Առաջին հանրապետությունը:

Ապարանի՝ Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից միջոցառման մասնակիցները քայլերթով շարժվեցին «Վերածնունդ» կոչվող հուշահամալիրն, ապա ծաղիկներ դրեցին Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի, շիրիմին:

«Ապարանի ճակատամարտում ճիշտ է կռվել են կանոնավոր զորքեր, սակայն ինքնկամ կռիվներին մասնկացել են նաեւ կանայք ու երեխաներ»,- ասում է Ադամյան Վարուժանը:

«Ամենադժվարին պահերին մենք միասին ենք ու հավաքական: Մայիսյա հերոսկան ոգին մեզանից յուրաքանչյուրի մեջ է»,- ասում է ազատամարիտիկ Մարատ Մարգարյանը:

Մեկ րոպե լռությամբ միջոցառման մասնակիցները հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար նահատակված զինվորների հիշատակը:

Ապարանի հերոսամարտի տոնակատարության անբաժան մասն են կազմում երգն ու պարը: Ամեն ուր հնչում էր հաղթական հնչյունները, որոնք հերոս նախնիների ուղերձն են փոխանցում երիտասարդ սերունդներին շարունակելու հաղթական գործը ` հանուն հավերժի ուղին բռնած հայ ժողովրդի հարատեւության:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները