Բարեգործության համար օր պետք չէ

Ռեյչելն ինձ համար իմաստ է՝ ինքն իր կյանքով, տեսակով, նույնիսկ՝ մահով:
Rachel

Չգիտեմ՝ կա՞ն մարդիկ, որ բացահայտել են կյանքի իմաստը, միայն գիտեմ, որ ոմանք իրենց փորձառությունն են ընդունում որպես բացարձակ ճշմարտություն, խոսում են այդ մասին, սովորեցնում, գրքեր գրում, ֆիլմեր են նկարում, անգամ՝ սեմինարներ ու ժողովներ են անում, մյուսներն ապրում են հավերժական փնտրտուքի մեջ, երրորդների համար միեւնույն է, չորրորդները՝ իրենք են իմաստ դառնում:

Մի քանի տարի առաջ շատ խոսվեց 9-ամյա աղջնակի՝ Ռեյչելի մասին: Ասում էին՝ նա իր մահով հազարների կյանքը փրկեց: Պատմությունը ցնցել էր ինձ: 9 ամյակը չբոլորած ամերիկացի փոքրիկը պատահաբար լսել էր, թե քանի միլիոն մարդ է Աֆրիկայում մեռնում միայն մաքուր ջրի անբավարարությունից: Այդ օրվանից Ռեյչելն ապրում էր երազանքով, փոքրիկն իմաստ էր գտել՝ ինչ-որ կերպ օգտակար լինել մարդկանց: Մոր օգնությամբ բարեգործական կայքում էջ էր բացել եւ իր բոլոր ծանոթներին խնդրել էր իրեն ծննդյան նվերներ գնելու փոխարեն նախատեսված գումարը բարեգործական հիմնադրամի հաշվին փոխանցել: Եթե 300 դոլար հավաքեր, 15 մարդ մաքուր ջուր կունենար: 220 դոլար հավաքվեց:

Ամիսներ անց աղջկա քաղաքում՝ Սիեթլում, մեծ ճանապարհատրանսպորտային պատահար եղավ՝ 13 մեքենաներ բախվեցին իրար, շատերը լուրջ վնասվածնքեր ստացան, բայց միակ մարդը, ում կյանքը չհաջողվեց փրկել, Ռեյչելն էր: Պատահարը շատերի ուշադրությունը գրավեց, բարձրաձայնվեց դրա միակ զոհի երազանքի մասին, եւ հրաշք կատարվեց՝ հազարավոր մարդիկ սկսեցին գումար փոխանցել նրա բացած էջին: Արդյունքում՝ շուրջ 32 հազար մարդ ամբողջ աշխարհից  1 մլն 266 հազար դոլար նվիրաբերեց հանուն աֆրիկացիների փրկության: Դրա շնորհիվ ջրի խնդիրը լուծվեց 60 հազար մարդու համար: Հետո մարդիկ իմացան նաեւ, որ Ռեյչելը մինչ այդ էլ երկու անգամ երկարացրել եւ կտրել էր մազերը՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համար կեղծամներ սարքելու համար, իսկ մահից հետո նրա օրգանները փրկել էին եւս մեկ մարդու կյանք:

Ինչո՞ւ այսքանը պատմեցի, որովհետեւ Ռեյչելն ինձ համար իմաստ է՝ ինքն իր կյանքով, տեսակով, նույնիսկ՝ մահով: Բայց միեւնույն է՝ մեկ հարց կա, որի պատասխանը չեմ կարող գտնել, որը հռետորական էլ չէ, ավելի շուտ` անիմաստ է՝ ինչո՞ւ պիտի մարդը՝ երեխան, մեռներ, որ մարդիկ ուշադրություն դարձնեին այդքան կարեւոր հանգամանքի վրա: Գուցե այն պատճառով, որ մեր շրջանակից դուրս հայացք նետելը նշանակում է դուրս գալ «կոմֆորտի զոնայից», նշանակում է մեր երջանկությունից զոհաբերություն անել, ու հարցը նյութականի մեջ էլ չէ: Եթե մեր քաղաքում տուն է հրդեհվել, մեր շենքում է մարդ մահացել, մեր ծանոթներից մեկն անբուժելի հիվանդ է կամ մեր բարեկամուհին դժբախտ է իր ընտանեական կյանքում, մեզանից մեկն ուղղակի տխրում է, մյուսը մտածում է՝ լավ է՝ ինձ հետ չի եղել, երրորդը խորը ցավ է ապրում, գուցե մի քանի գիշեր լավ չի քնում, մի քանի օր չի կարողանում ժպտալ, բայց եղելության մոտիկությունը, ուզենք, թե չէ, մեզ ստիպում է մտածել դրա մասին։

Իսկ ի՞նչը կարող է մեզ ստիպել տառապել ավիրվող Սիրիայի, սոված Աֆրիկայի, Հարվի փոթորիկից մահացողների, անտունների, որբերի, հուզական պոռթկում ապրողների, իրենց տաղանդը այդպես էլ միայն երազներում ռեալիզացնողների համար: Ոչինչը… ուղղակի բավական է չտեսնելու տալ, չլսել, անտեղյակ լինել, ուղղակի բավական է ասել՝ ոչինչ չեմ կարող փոխել, ինչո՞ւ առանց այն էլ իմ ոչ հեշտ կյանքը բարդացնեմ: Իսկ ո՞ւր մնաց իմաստը, իսկ ո՞ւր մնաց՝ հանուն ինչի ապրելու մասին հարցը…

Բարեգործության օրն է այսօր: Ռեյչելը բարի էր, նա բարի գործ էր ուզում անել ու արեց, բայց այսօր նրա օրը չէ, նախ որովհետեւ բարեգործության համար օր պետք չէ, եւ երկրորդ՝ չե՞ք նկատել ինչքան է աղավաղվել բարեգործություն բառի մեջ դրված սկզբնական իմաստը:

«Մի հատ էլ այ էս տալուց նկարեք, իբր պատահական եղավ»,- լրագրողական նյութերիցս մեկը պատրաստելու ժամանակ «բարեգործն» ասաց, ու մինչ այդ պահն ունեցածս բոլոր մտքերը, թե ինչ լավ բան է անում այդ մարդը, թե պետք է լուսաբանել նման դեպքերը, որ մյուսների համար օրինակ դառնա, նրա՝ որպես պարկեշտ եւ համեստ մարդու մասին պատկերացումս փոխարինվեցին միայն մեկ մտքով՝ եսասեր է, նրան հիացմունք է պետք, նրան՝ իր հասցեին հնչող լավ խոսքեր են պետք, նրան ինքնաբավության զգացում է պետք, գիշերը քնելիս ինքն իրեն ոգեւորող խոսքեր են պետք՝ լավ բան է արել, արժանի է հանգիստ քնի եւ կարեւոր չէ՝ վաղն ինչով է զբաղվելու, ինչքան անազնիվ ու անարդար է լինելու, քանի մարդու է նույն խեղճության շեմին հասցնելու…

Ընկերներիցս մեկը համերգի հրավիրեց, կատակեցի, թե լրագրողների մուտքն առանց տոմսի է, ասաց՝ համերգից հավաքված գումարը երեխայի վիրահատության համար է: Թեման փակվեց: Ընտիր համերգ էր, երեխան էլ էր այնտեղ, ժպտում էր՝ ապրելու իր իրավունքը, իր ցանկությունը ամուր սեղմած ատամների արանքում… Պատկերացնո՞ւմ եք` ընկերուհիս «Ֆեյսբուքում» իր «բարեգործության» մասին գրառում  չարեց:

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*