Բանակի օրվա առիթով համերգի վրա 50 միլիոն դրամ չի ծախսվի. նախարարը հերքում է

«Այդ հրապարակման տվյալները վերաբերվել են 2016թ. հունվարի 28-ին կազմակերպված համերգին, որն արդեն կայացել է»,- ասել է նախարարը։
vigen-sargsyan

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հերքում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե պաշտպանության նախարարությունը պատրաստվում է 50 միլիոն դրամ հատկացնել հունվարի 28-ին կազմակերպվելիք համերգի համար:

Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, նախարարը, պատասխանելով պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, ընդգծեց, որ այդ հրապարակումը թղթակցի՝ տեղեկատվությանը մինչև վերջ չտիրապետելու արդյունք է եղել:

«Այդ հրապարակման տվյալները վերաբերվել են 2016թ. հունվարի 28-ին կազմակերպված համերգին, որն արդեն կայացել է: Եվ այդ հրապարակման մեջ խոսքն արդեն կազմակերպված համերգի մասին է»,- նշեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի բանակի 25-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարությունը համերգ կազմակերպելու է, սակայն դեռ մրցույթ հայտարարված չէ:

«Մենք համերգ անելու ենք, ձեզ էլ հրավիրելու ենք, միասին նշելու ենք, որովհետև դա մեր քարոզչական բաղադրիչի անբաժան մասն է: Սակայն մենք մրցույթ չենք հայտարարել, որևէ մեկին հաղթող չենք ճանաչել, ոչ էլ պայմանագիր ենք կնքել»,- եզրափակեց Սարգսյանը:

*

*