Բաղանիսում հանգիստ է. հակառակորդն անզորությունից կովերի վրա է կրակում

Երբ չի լինում ելք ու ճար, կովերն են ադրբեջանցիների համար դառնում թիրախ:

 

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից է Բաղանիսը: Ժամանակ առ ժամանակ հակառակորդը կրակ է բացում նաեւ այս համայնքի վրա: Չնայած այս ամենին` գյուղն օրեցօր շենանում է՝ լուսավոր փողոցներ, գազաֆիկացում ու նորանոր ծրագրեր: Այս ամենը իրականացնելու պատասխանատվությունն իր վրա է վերցրել համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:

Արամը սահմանամերձ Բաղանիսի ամենակրտսեր բնակիչներից է: Այն, որ հայրն ավելի շատ է ժամանակն աշխատավայրում անցկացնում, այնքան էլ սրտով չէ: Տանից ավելի շատ աշխատավայրում՝ որպես սահմանապահ գյուղի պատասխանատու․ Նարեկը սա առաջնային է համարում: Դժվար էր սկզբում, հետո քիչ -քիչ աշխատանքը կենսակերպ դարձավ:

«Աշխատանքի մեջ ունեցել եմ դաշնակցականի կամք ու հենց այդ կամքն էլ ինձ օգնել է շատ հարցերում: Դաշնակցությունը ինձ սովորեցրել է միշտ ձգտել ու հասնել ամենավերեւի բարձունքներին»,- ասում է դաշնակցական գյուղապետ Նարեկ Սահակյանը։

Տանից՝ ուղիղ Բաղանիսի համայնքապետարան: Գյուղում վերջին օրերի թեման լարված սահմանն է: Երբ հակառակորդն առաջնագծում հաջողության չի հասնում՝ խաղաղ բնակիչներից է վրեժ լուծում: Երբեմն անկանոն կրակ են բացում, փամփուշտներն անգամ համայնքապետարանի շենք են հասնում:

Իրենք սովորել են, արդեն գիտեն, հակառակորդը երբ ու ոնց է կրակում: Արժանի հակահարված հայ դիրքապահները տալիս են:

Երբ չի լինում ելք ու ճար, կովերն են ադրբեջանցիների համար դառնում թիրախ: Մի քանի օր առաջ արոտավայրում գտնվող կովերի վրա են կրակել:

«Դեպքը մի քանի օր առաջ է տեղի ունեցել, կրակել են արոտավայրում գտնվող կովերի վրա»,- պատմում է Նարեկ Սահակյանը:

Կովերից մեկը սատկել է , երկուսն էլ վիրավոր են… գյուղացուն հակառակորդը նյութական վնաս է պատճառել ու իր անզորությունն ապացուցել:

Մարուսյա տատն անհագստանում է՝ վերքը խնամել են, բայց այնքան էլ վստահ չի, որ Չալոն կապրի՝ փամփուշտներից մեկը մարմնի մեջ է մնացել:
«Բեկորային վնասվածք է ստացել: Գյուլեքից մեկը մարմնի մեջ է մնացել»:

Չնայած կրակոցներին՝ գյուղն ապրում է իր առօրյա կյանքով: Այս ապրելակերպին սովորել են:

Գյուղացիների այս համառությունն էլ ստիպում է առաջ գնալ, վստահեցնում է Նարեկ Սահակյանը: Ացնող տարիներին գյուղում շատ բան է փոխվել:

Առաջիկայում եւս ծրագրեր կան: Սահանամերձ գյուղում ապրողն էլ դիրք պահող զինվորի պես միշտ պիտի պայքարի, որ իրար կարողանան թիկունք լինել:

 

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*