«Մեզ մոտ յուրաքանչյուրը մտածում է՝ ոնց անի, որ օրենքին չենթարկվի». Ն. Ծատուրյան

«Այսօրվա վիճակը, պարզ է՝ ողորմելի է, բայց թե վաղն ի՞նչ է լինելու, սա է խնդիրը»
miting-pak-poxoc

Ասօր Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեցին իրենց տեսակետը վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, նշում է yerkir.am-ը:

Խոսելով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու մասին, Ռուբեն Բաբայանը նշեց, որ չի կարծում, թե որևէ անսպասելի բան տեղի ունեցավ: «Ես վաղուց այն տարիքում եմ, որ ավելի շատ հավատում եմ գործերին, քան խոսքերին ու խոստումներին: Ի վերջո, մենք առաջ կամ հետ ենք գնում գործողությունների արդյունքում: Կապրենք, կտեսնենք»,- ասաց նա:

Բաբայանը նշեց, որ ավելի կարևոր է այն, ինչ կատարվում է հիմա: Նրա խոսքով՝ այժմ երիտասարդությունն ընկած է փողոցում (ընկած՝ լավ իմաստով), քանի որ ոչ ոք չէր հետաքրքրվում՝ ինչ է ուզում երիտասարդությունը, ինչպիսի երկիր է ուզում ունենալ: Իշխանությունը, Բաբայանի գնահատմամբ, երիտասարդության մասին կարծիք էր կազմում` նայելով ուսխորհուրդներին, որոնք ոչ մի կապ չունեն երիտասարդության հետ:

«Պետք չէ խաբվել և կենտրոնանալ այն բոլոր կոչերի վրա, որոնք վերաբերում ենք զուտ անձին: Իրականում երիտասարդությունն ուզում է համակարգային փոփոխություններ, սա է կարևոր: Թող երիտասարդների պոչիկները, դաջվածքները կամ էլ կարճ զգեստները կարծիք չթողնեն, որ նրանք անլուրջ են, ո’չ, նրանք շատ լուրջ են, համենայն դեպս՝ իրենց ապագայի նկատմամբ շատ լուրջ են տրամադրված: Այս երիտասարդներին չի կարելի հուսախաբ անել, քանի որ սրանք այն երիտասարդներն են, ովքեր իրենց ապագան տեսնում են հենց Հայաստանում, իրենց կյանքը կապում են մեր երկրի հետ»,- ասաց Բաբայանը:

Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից՝ Բաբայանի խոսքով՝ երբեք չի կարելի ժխտել երկխոսությունն ու կամուրջներ կառուցելու անհրաժեշտությունը: Բայց, ըստ նրա, ամենակարևորն այն է, թե ինչի շուրջ պետք է լինի երկխոսությունը՝ արդյո՞ք այն պետք է տեղի ունենա որոշակի առևտրի տեսքով, թե ինչ համակարգային փոփոխություններ ենք ուզում և ինչ երկրում ենք ուզում ապրել:

Ըստ Նիկոլայ Ծատուրյանի` մենք այսօր Հայաստանը հասցրել ենք շատ վատ վիճակի, և ինքը մտահոգվում է՝ վաղն ինչպե՞ս է լինելու: Այսօրվա վիճակը, ըստ Ծատուրյանի, պարզ է՝ ողորմելի է, բայց թե վաղն ի՞նչ է լինելու, սա է խնդիրը: «Ես հետևում եմ, թե ինչ է կատարվում և մի բան չեմ հասկանում՝ մենք չհոգնեցի՞նք նույն սխալը կատարելուց. անընդհատ դուրս ենք գալիս, բողոքում, հետո լռում, ու ամեն ինչ շարունակվում է նույն ձևով: Մեկ էլ, սրան զուգահեռ, զարմանում եմ՝ այս իշխանությունները չհոգնեցի՞ն նույն ձևով կառավարելուց»,- ասաց նա:

Ծատուրյանը համաձայնեց Բաբայանի հետ՝ շեշտելով, որ, այո, համակարգը պետք է փոխվի: «Մեզ մոտ յուրաքանչյուրը մտածում է՝ ոնց անի, որ օրենքին չենթարկվի:  Մեզ մոտ սովորական է դարձել գողությունը, կաշառքը, օրենքի ոտնահարումը, տնտեսական ողորմելի վիճակը, անընդհատ հայացքներս դարձրած, թե մյուս պետությունները մեր մասին ինչ կասեն: Տո ինչ ուզում են` ասեն: Քանի դեռ այս ամենը մեզ մոտ սովորական է դարձել, ոչինչ չի փոխվի»,- ասաց նա:

Իսկ թե ինչպե՞ս պետք է համակարգը փոխել, Ծատուրյանի կարծիքով՝ նախ մարդու մտածողությունը պետք է փոխել, կրթել՝ մանկապարտեզից սկսած:

*

*