Դավիթ Բաբայանը հրադադարի ակտիվ խախտումն արտառոց չի համարում — Երկիր Մեդիա

Դավիթ Բաբայանը հրադադարի ակտիվ խախտումն արտառոց չի համարում

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
davit-babayan

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Ճիշտ է, այսօր ադրբեջանական կողմը հրադադարն ակտիվ խախտեց, սակայն դա արտառոց դեպք չէ: Արտառոց կլիներ, եթե Ադրբեջանը հրադադարը չխախտեր»,- ասաց Բաբայանը` անդրադառնալով փետրվարի 7-ին հակառակորդի կողմից սահմանի սադրիչ գործողությունների դիմելու փաստին:

Հարցին` ի՞նչի հետ է կապում վերջին շրջանում ադրբեջանական կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների ակտիվացումը` ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց, որ դրանք կապված են տարբեր երևույթների հետ:

«Դա Ադրբեջանի էությունն է, հայատյաց, ֆաշիստական քաղաքականությունը: Միաժամանակ, կան այլ հանգամանքներ ևս. հունվարի տոնական օրերը Ադրբեջանը մշտապես «շնորհավորում է յուրովի»: Բացի այդ, լրանում է Բաքվում հայերի ջարդերի հերթական տարելիցը, 2017 թվականին լրանում է Շուշիի ազատագրման 25-ամյակը, իսկ Ադրբեջանը ցանկանում է նման գործողություններով քողարկել իր պարտությունը, ձախողված վերջին դիվերսիոն փորձը»,- ընդգծեց Բաբայանը:

Նրա խոսքով` հակառակորդը ոչ միայն սահմաններին է դիմում սադրիչ գործողությունների, այլ նաև դիվանագիտական հարթակներում, մասնավորապես, բլոգեր Լապշինի, ինչպես նաև Արցախում արտադրված ապրանքների հետ կապված:

Փետրվարի 7-ին Ժամը 17:00-18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85 մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի հրանոթներից, ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է 46 արկ, որից 22-ը՝ հրանոթներից, 24-ը՝ ականանետերից:

Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ՊԲ-ն կորուստներ չունի:

*

*