Ազնավուրն էլ է աշխարհինը

Թե ինչու Ազնավուրի համերգային շրջագայությունների ցանկում Հայաստանը չկա
aznavur1

Ազնավուրի պաշտոնական կայքում հրապարակվել է նրա համերգային շրջագայությունների ցանկը: Կարդում եմ՝ Ավստրալիա, Իսրայել, Բուլղարիա, Ֆրանսիա… Նշված երկրների ցանկում չգիտես ինչու որոնում եմ Հայաստանի անունը և պատկերացնում, որ աշխարհահռչակ շանսոնյեն իր համերգային շրջագայություններն անպայման պետք է մեր երկրից՝ իր հայրենիքից սկսի: Ինչպիսի՜ սեփականատիրություն, չէ՞ որ արվեստն աշխարհինն է, Ազնավուրն էլ է աշխարհինը: Մեր Ազնավո՜ւրը աշխարհինն է: Երևի հենց դրա համար էլ աշխարհի սերը, բարությունը, կյանքը նրա երգերում են ամփոփվում:

Հետո հիշում  եմ, թե ինչպե՞ս է նա առաջին անգամ ելույթ ունեցել Երևանում, ինչպես հետագայում նշել է շանսոնյեն՝ ճակատագրի ու հռչակի համաշխարհային շրջագայության ընթացքում, երբ բեմական հազար ու մի «խաչելությունից» հետո «Օլիմպիայից» լսելի էր դարձրել իր ձայնը աշխարհագրական բոլոր գոտիներում ու մարդկանց սրտերում հաստատել էր իր «մեծ տաղանդը», 40-ամյա Շառլ Ազնավուրը 1964 թ. առաջին անգամ ոտք է դրել նախնյաց երկիր Հայաստան: Պատմական հայրենիքում լինելը  նրա համար վաղեմի երազանք է եղել…

Համերգներից առաջ, երբ համաձայնեցվում էր Ազնավուրի շրջագայության քարտեզը, ճշտվում էին այցի հետ կապված գրեթե բոլոր մանրամասները, թե ո՞ր քաղաքներում և ի՞նչ երգացանկով իրավունք ունի բեմ ելնելու, ո՞ր հանդիսատեսի համար և ինչպե՞ս… Երևանը չէր ընդգրկվել համերգային շրջագայության մեջ, Ազնավուրը ստիպված է եղել խորհրդային դեսպաններին մեկ անգամ ևս բացատրել և հասկացնել, որ իր նպատակը Հայաստան մեկնելն է, իր հարազատներին տեսակցելը, այլապես…

aznavur2Երևանում Ազնավուրին, ով քրոջ՝  Աիդայի հետ է ժամանել, ընդունել են խելահեղորեն, «խորունկ հոգուց ծնված» գանձի պես, որ կարծես կորցրել ազգովին և ահա գտնում էին ազգովին ու 60-ականների Արթնացող սերունդը սրտատրոփ սպասում է նրան ամենուր՝ օդանավակայանում, հյուրանոցում, փողոցում, օպերայի շենքի մոտակայքում խռնված, մարդիկ ցանկանացել են պահ առաջ տեսնել նրան, լսել նրան.
— «Շառլ ջան, սիրելի՛ Շառլ, ախպեր ջան»,- գոռացել  ու նետվել են առաջ՝ ձեռք սեղմելու, համբուրելու, պարզապես գրկելու.
— «Բարի եկաք ձեր տուն, ուրախ ենք, որ վերադարձաք…»։

Հետո  քննարկել են, թե ի՞նչ ասաց, հայերե՞ն ասաց, ուրեմն չի մոռացել իր արմատները, ո՞ւմ էր ձեռքով անում, երևի ճանաչել էր…

Համերգի ժամանակ դահլիճում ասեղ գցելու տեղ չկա: Բոլոր աթոռները գրավված են կուսակցական և պետական պաշտոնական էլիտայի կողմից: Ուսանողները օպերայի պատին գրել են. «Տեղերը կուսակցության համար են, սակայն Ազնավուրը մերն է»: Երգիչը վրդովված է, միջամտում է վերջնագրի խստությամբ: Հաջորդ օրն իսկ «կուսակցական որոշ ջոջեր ուղարկվել են ավելի համեստ տեղեր», բեմի դիմացի «կառավարական» աթոռները զիջելով 96-ամյա, փոքրամարմին Հայկանուշ տատին, «որին կարող էի մի ձեռքով բարձրացնել» ,- ասել է հռչակավոր թոռը, և հրավիրյալ բարեկամներին, որոնց թիվը շատ ավելին չէր, քան 6-ը՝ ըստ Ազնավուրի հուշերի:

Ցնծում է դահլիճը: «Մաման» երգով Ազնավուրը ծնկել է Հայկանուշ տատի առջև.

Այնքան հուշ կա ու սեր ու սեր/Սփռած քո շուրջ, քո շուրջ, մամա՛/Այնքան ժպիտ ու արցունքներ/Սրտիդ միջից, սրտի՛դ, մամա…/Որ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք
Մեզնից չես հեռանա…

Ազնավուրին բարեկամները հասկանում են առանց թարգմանության: Իսկ տատն ապրում է իր ծերունական կյանքի լավագույն օրը, նա կեցվածք չունի, արցունքներն են հուզմունքը մատնում:

Այս ամենից հետո արժե՞, որ Հայաստան անունը Ազնավուրի պաշտոնական կայքում պաշտոնապես գրվի. որդին հայրենի տուն նախապես ծրագրված ու պաշտոնապես չի այցելում: Այցելում է երբ սիրտը ուզի, այցելում է լցվելու, ջերմանալու… Որդին հայրական տուն առանց հրավերի է գնում: Երևի հենց դրա համար էլ Ազնավուրի համերգային շրջագայությունների մեջ Հայաստան անունը չկա:

Հոդվածում տեղ գտած փաստերը՝  Վահագն Սարգսյանի հոդվածից (Շառլ Ազնավուր. «Սեր սրտի չափով» գրքի հրատարակչական պատմությունից)

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*