Տպագիր մամուլը պետք է ընթերցողի համար ինտերակտիվություն ապահովի․ Գանտահարյան

Նրա խոսքով`տպագիր մամուլը հոդվածագիրների շրջանում ավելի մեծ հեղինակություն է վայելում:
shahan-gantaharyan

Քսանմեկերորդ դարում տպագիր մամուլը պետք է ընթերցողի համար ինտերակտիվություն ապահովի: «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«21-րդ դարում տեղեկացված ընթերցողը պետք է ինտերակտիվ կապի մեջ լինի լրատվամիջոցի հետ: Եթե էլեկտրոնային նյութին համաձայն կամ դեմ լինելու պարագայում ընթերցողը կարող է իր կարծիքը հայտնել, ապա տպագիր մամուլը շատ ավելի ինտերակտիվ լինելու խնդիր ունի: Այս պարագայում պետք չէ սահմանափակվել միայն թերթ տպագրելով, այլև պետք է հաճախակի քննարկումներ կազմակերպել»,- նշեց Գանտահարյանը:

Նրա խոսքով`տպագիր մամուլը հոդվածագիրների շրջանում ավելի մեծ հեղինակություն է վայելում:

«Նկատել եմ, որ հոդվածագիրը էլեկտրոնային ու տպագիր մամուլի ընտրության երկընտրանքի առջև կանգնելիս նախընտրում է տպագրվելը: Հավանաբար, այն հոգեբանությունը կա, որ տպագրվածը շատ ավելի մնայուն ու լուրջ է»,- ասաց Շահան Գանտահարյանը:

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը նաև նշեց, որ տպագիր մամուլի զարգացման համար հեռանկարային ու ռազմավարական քայլ կլինի մանկապատանեկան խավի ներգրավումը:

«Պետք է հատուկ մանկապատանեկան հավելվածներ ու ներդիրներ թողարկել ու վաղ տարիքից նրանց ներգրավել թերթի աշխատանքներին, ինչը հեռանկարային ու ռազմավարական ծրագիր է»,- նշեց նա:

Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկած «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում մեդիա ոլորտի մասնագետներն ու փորձագետները քննարկում են լրատվամիջոցների ապագային վերաբերող հարցերն ու լրատվական ինդուստրիայի զարգացման հեռանկարները:

 

 

*

*