«Կգնամ, ինչ-որ պետք է կանեմ, կգամ». Ազատը կռիվ տվեց մինչև վերջ

«Նահատակաց փաղանգի» այսօրվա հերոսը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից է՝ Ազատ Սիմոնյանը:

«Նահատակաց փաղանգ» խորագի ներքո շարունակում ենք անդրադառնալ ապրիլյան պատերազմի ժամանակ քաջաբար զոհված մեր տղաներին: Այսօրվա հերոսը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից է՝ Ազատ Սիմոնյանը:

Ծառայության շուրջ մեկ ու կես տարվա ընթացքում ծնողներից թաքցրել էր, որ դիրքեր է բարձրանում, առաջնագիծն է պահում: Ապրիլի երկուսին Ջաբրաիլի իր դիրքը պահելու համար մինչեւ վերջին շունչն է կռիվ տվել:

Հայրն ասում է՝ տղան չէր ուզում իր գործը շարունակել, տրակտորի հետ գործ ունենալն Ազատի համար չէր. նախաձեռնող էր, անընդհատ նոր բան էր որոշում ու կյանքի կոչում: Հայրը զարմանում էր՝ որդին ինչպես էր նորագույն տեխնոլոգաներից գլուխ հանում՝ առանց համապատասխան կրթության:

«Շատ խելացի էր, լսող էր, հասնող էր՝ ծնողներին, քույրիկներին, մեկին չէր թողնում մի բան անել, ասում էր՝ ես կանեմ»,- պատմում է Քաջիկ Սիմոնյանը:

Ծառայությունից էլ էր գոհ, երբեք ոչնչից չի բողոքել, ծնողների հետ խոսելիս էլ ավելի հաճախ հարցնողի դերում է եղել, ոչ թե պատմողի: Ծնողներին չի էլ ասել, որ առաջնագծում է լինում, թեեւ հնարավորություն ունեցել է դիրքեր չբարձրանալու:

«Առողջության հետ կապված խնդիրներ ուներ, ասում էի՝ գանք, ասենք այդ մասին, սակայն չէր համաձայնում, ասում էր՝ չերեւաք այնտեղ, հանկարծ իմ հետեւից չգաք, հո երեխա չեմ, ձեռքիցս բռնեք, տանեք, ես կգնամ, ինչ-որ պետք է կանեմ, կգամ»,- ասում է Քաջիկ Սիմոնյանը: 

Ինչ-որ պետք էր, արեց՝ ընկերների հետ ժամեր շարունակ պահեց դիրքը, բայց ուժերն անհավասար էին, երկու կողմից շրջափակման մեջ էին ընկել ու կռիվ տվել մինչեւ վերջ: Ազատն էլ անհետ կորածների մեջ էր, ու ծնողները հավատում էին, որ լավ լուր են լսելու, բայց այդպես էլ հրաշք չեղավ:

Կամարիս գյուղի այս տան ամենակարեւորը դարձած սենյակում Ազատի իրերն են՝ բոքսի ձեռնոցներից մինչեւ խոհարարական պարագաները, տանեցիներն անգամ մրցույթում Ազատի շահած պլանշետը չեն օգտագործում: Ինչ նրանն է եղել, արդեն սուրբ մասունք է:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*