Անցել է 9 ամիս, բայց աղբահանության հարցում որևէ դրական տեղաշարժ չկա. Թեհմինա Վարդանյան

Լրագրողների հետ հանդիպմանը Երևանի ավագանու խմբակցություններն ամփոփեցին իրականացված ծրագրերը
im-qayly

Լրագրողների հետ հանդիպմանը Երևանի ավագանու խմբակցություններն ամփոփեցին իրականացված ծրագրերը, ընդդիմադիր խմբակցություններն ավելի շատ  խոսեցին Երևան քաղաքի առաջնային և դեռևս չլուծված խնդիրներից, որոնք, մասնավորապես, վերաբերում են աղբահանությանը և տրանսպորտային համակարգի թարմացմանը, ï»Õ»Ï³óÝáõÙ ¿ yerkir.am-ը:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հիշեցրեց. «Երբ քաղաքապետը ստանձնեց իր լիազորությունները, ժողովրդին խոստացավ, որ աղբի հարցը առավելագույնը երկու ամսվա ընթացքում կլուծվի, սակայն անցել է 9 ամիս, բայց որևէ դրական տեղաշարժ չկա, ավելին՝ հետքայլ է, և եթե այսպես շարունակվի,  հուլիս-օգոստոս ամիսներին աղբահանության վիճակն ավելի վատ է լինելու: Ինչ վերաբերում է տրանսպորտի խնդրին, ապա դարձյալ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնելու օրը ասաց, որ երկու տարվա ընթացքում կկարգավորվի հարցը, սակայն անցել է շուրջ 9 ամիս և մենք դեռ սպասում ենք այդ երկու տարվա մեկնարկին: Բոլոր հարցազրույցներում քաղաքային իշխող ուժն արդարանում է, որ իրենց նախընտրական ծրագիրը չի ավարտվել, դեռ պաշտոնավարելու ժամանակ ունեն: Օրինակ, որ տրանսպորտի հարցը նախընտրական ծրագրով ենք առաջ քաշել, կարգավորելու ենք, հիմա մեզանից ի՞նչ եք ուզում, դեռ 9 ամիս է, ինչ իշխանության ենք: Այսինքն՝ 5 տարի հետո նո՞ր է խնդիրը լուծվելու»:

ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ հավելեց. «Տրանսպորտի մասով ուզում եմ մեկ դետալ նշել. այս 9 ամսվա ընթացքում ընդամենը մեկ քննարկում ենք ունեցել այս հարցով քաղաքապետարանում, այն էլ 7 ամիս անց, որի ընթացքում խոսվել է քաղաքային նախկին իշխանության կողմից ձեռքբերված պայմանավորվածությունների փաթեթի մասին: Այսինքն՝ 7 ամիս ուսումնասիրում էին, որ տեսնեին, թե նախկիններն ինչ ծրագիր են բերել, ինչ են ուզեցել անել, և վստահ եմ, որ վստահություն չի եղել այս ծրագրի մասով, բայց 7 ամիս քննարկել են և եկել այն եզրահանգման, որ երևի այդքան էլ վատը չէ, եկեք սա էլ անենք: 7 ամիս կորցրեցինք և ընդամենը մեկ քննարկում ունեցանք տրանսպորտի վերաբերյալ, և դրանից հետո չիմացանք, թե ինչ եղավ, հիմա այդ ընկերության հետ համագործակցո՞ւմ ենք, թե՞ ոչ: Եվ մեկ էլ մամուլից ընդդիադիր խմբակցություններս պատահաբար իմանում ենք, որ քաղաքային իշխանությունը դիմել է կառավարությանն այս հարցով աջակցություն ստանալու համար: Ծրագիրն իրականացնելու համար, միանշանակ, ֆինանսական լուրջ միջոցներ են պետք, որովհետև խոսքը 100-ավոր միլիոնների մասին է, բայց թե որտեղից պետք է այդ գումարը հայթայթվի, պարզ չէ: Չկան հաշվարկներ, անցած անգամ «Իմ քայլի» գործընկերներից փորձեցի ճշտել՝ ինչ նախահաշվարկ է արվել, որքան գումար է անհրաժեշտ տրանսպորտային փոփոխություններ կատարելու համար, ասում են՝ հաշվում ենք, բայց եթե արդեն դիմում են գործադիրին, որ աջակցի, ոչ մի թիվ չեն ասում մեզ, իբր ամենաքիչը 100 միլիոնի կարգի է: Սա նաև ենթադրում է կրկին վարկ, արտաքին պարտքի ավելացում: Ես, իհարկե, տարակուսանք ունեմ, որ գործադիրը գումար կվերցնի, որ Երևանում տրանսպորտային ցանցը թարմացվի»:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը բարձրացված դիտողություններին անդրադառնալով, խոսեց նախ աղբահանության խնդրից՝ մեղադրելով նախկին  իշխանություններին, որ պայմանագիր են կնքել միայն մեկ օպերատորի հետ, ինչից իրենք էլ չեն փորձում ազատվել: «Երբ մեկ միլիոնից ավելի բնակիչ ունեցող Երևան քաղաքի աղբահանության խնդրի լուծումը հանձնեցինք միայն  մեկ մասնավոր ընկերությանը, մենք մեզ գցեցինք շատ մեծ կախվածության մեջ: Դա լավագույնը տարբերակը չի եղել, ժամանակին մի քանի ընկերություն է եղել, և կարծիք կար, որ գոնե 2 օպերատոր լինի»,- նշեց նա:

ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը հանդիպման ավարտին առաջարկեց, որ Հայկ Հովհաննիսյանը նշի գոնե երեք առաջնային խնդիր, որ կարողացել է լուծել քաղաքային իշխող ուժը, Հովհաննիսյանը որպես առաջնային խնդիր նշեց, թե այսօրվա քաղաքային իշխանությունը կոռումպացված չէ, սրան չհաջորդեց ոչ այլ հստակ պատասխան` հրատապ խնդիրների լուծման մասով:

*

*