Ամեն օր Տավուշի «Արեւիկ» կրթական կենտրոն այցելում է շուրջ 50 երեխա

Այստեղ գործում են նկարչության, բատիկայի, հյուսքի, գորգագործության, անգլերենի, աստվածաշնչյան ուսումնասիրության խմբակներ, ծնողական ակումբ:

Տավուշի թեմի առաջնորդարանում մայիսից գործող «Արեւիկ» սոցիալ-կրթական կենտրոնում ամեն օր դասերը սկսվում են աղոթքով: Մեկ տարի է, ինչ թեմի առաջնորդն է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նրա գլխավորությամբ թեմի իրականացրած տասնյակ ծրագրերից է այս կենտրոնի հիմնումը:

«Արեւիկը» կյանքի է կոչվել մի շարք կազմակերպությունների հետ համագործակցելիս: Այստեղ գործում են նկարչության, բատիկայի, հյուսքի, գորգագործության, անգլերենի, աստվածաշնչյան ուսումնասիրության խմբակներ, ծնողական ակումբ: Ամեն օր կենտրոն են այցելում 8-14 տարեկան շուրջ 50 երեխա, ինչպես նաեւ նրանց ծնողները:

12-ամյա Մարիամը թեեւ երազում է բժիշկ դառնալու մասին, բայց շատ է սիրում նաեւ նկարել: Ասում է, որ կենտրոնում, մասնագիտական հմտություններից զատ, նաեւ սովորել է լավ ընկեր լինել:

«Նկարել սիրում եմ, ազատ ժամանակ նկարում եմ, մեկ-մեկ առարկա եմ դնում առաջս, փորձում եմ նկարել, մեկ-մեկ էլ ինձանից եմ փորձում հորինել»,-պատմում է Մարիամը:

Մինչ Մարիամը փորձում է նկարել ուսուցչի հանձնարարած պատկերները, բատիկայի՝ մետաքսանկարչության խմբակի աշակերտները բացատրում են, թե ինչպես են ստանում պատից կախված գեղեցիկ շարֆերն ու այլ իրերը:

«Սկզբից կտորը ծալում ենք, այնուհետեւ ներկում ենք, ներկելուց հետո թողնում ենք 24 ժամ , որպեսզի չորանա, չորանում է, ստանում ենք այսպիսի տեսք»,- ներկայացնում են սաները։

Կենտրոնում ուսուցումն անվճար է, անհրաժեշտ պարագաները նույնպես տրվում են երեխաներին. նրանք իրենց ձեռքի աշխատանքներով ցուցահանդես-վաճառքների են մասնակցել, նաեւ որոշել են որոշ գործեր մանկատան երեխաներին նվիրել:

Տավուշը հայտնի է նաեւ գորգագործությամբ. առաջնորդարանում ուզում են այդ ավանդույթն էլ վերականգնել: Գորգագործության վարպետը ցույց է տալիս իրենց տարածաշրջանին բնորոշ Դեղնաքյունջ տեսակի գորգը ու կատակում՝ ամեն իրեն հարգող տավուշեցի տանը գոնե մեկ դեղնաքյունջ պետք է ունենա: Այստեղ դեռ փոքր դազգահների վրա են աշխատում, փորձում են դեղնաքյունջի նմուշով նոր չափսերի գորգեր ստանալ: Շուտով նոր՝ ավելի մեծ դազգահներ էլ են ձեռք բերելու, որովհետեւ հետաքրքրությունը բավականին մեծ է:

«Շատ է հետաքրքրում մարդկանց ու սիրով գալիս են, մենք նախատեսված է, որ շաբաթը 3 օր դաս անենք, բայց մի քիչ ավելի շատ ենք գալիս, նախ՝ ժամանակատար է աշխատանքը, նաեւ սիրով են գալիս, սովորում»,- պարզաբանում է գորգագործ Հասմիկ Մարգարյանը:

Բագրատ սրբազանի խոսքով, նման խմբակներ նաեւ Նոյեմբերյանում եւ Բերդում են բացելու: Իսկ մինչ այդ պետք է մտածեն «Արեւիկի» համար ավելի հարմար տարածք գտնելու մասին. կենտրոնի այցելուների թիվն օրեցօր աճում է:

«Արեւիկ» սոցիալական-կրթական կենտրոնը ուղղված է տարածաշրջանի հատկապես խոցելի խավի երեխաներին ներգրավելու կյանքի մեջ, նաեւ կանխարգելող նպատակ ունի, որպեսզի մեր երեխաները կտրվեն այլ ազդեցություններից եւ նաեւ փողոցից ու կարողանան կրթադաստիարակչական իրենց բնական դպրոցում ստացող ճանապարհը շարունակել ապահով եւ առողջ միջավայրում»,- ասում է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

*

*