Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիների վիճակը կայուն ծանր է

Վիրահատված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ:
eghvard-tunavorum-hivandanoc

Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ներկա պահին բուժում է  ստանում յոթ  քաղաքացի, որոնցից մեկը այսօր առավոտյան ժամը 4-ի դրությամբ է տեղափոխվել բուժհաստատություն:

62-ամյա կնոջ պնդմամբ`  նա ևս ավտոբուսի պայթյունից է տուժել: Կինը նշել է, որ  ինքնուրույն հեռացել է պատահարի վայրից, սակայն ինքնազգացողության  վատացման  պատճառով դիմել է շտապօգնության ծառայության և   տեղափոխվել  բժշկական հաստատություն: Նրա ինքնության  մանրամասները ճշտվում են իրավապահ մարմինների կողմից:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, առավոտյան ժամը 10-ի դրությամբ բոլոր տուժածների առողջական վիճակը  գնահատվում է կայուն:  Տուժածների բուժօգնությունը համակարգում է  անմիջապես ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով պատահարից րոպեներ անց տեղում կազմակերպել է բոլոր աշխատանքները, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները: Հանրապետության  գլխավոր և առաջատար  մասնագետների ներգրավվածությամբ  նախարարը տուժածների առողջական վիճակը գնահատելու նպատակով պարբերաբար հրավիրվել է բժշկական կոնսիլիումներ:

Վիրահատված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ: Վիրահատական բարդ միջամտության արդյունքում  բժիշկներին հաջողվել է պահպանել պատանիներից մեկի վերջույթը: Առավոտյան տղաները կրկին անցել են բոլոր անհրաժեշտ հետվիրահատական հետազոտությունները, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երկուսն էլ եկել են գիտակցութան, սակայն մեկը  դեռևս շնչում է արհեստական սարքի օգնությամբ: Բժշկական անձնակազմի խոսքով` երիտասարդներին հետագայում սպասում է վերականգնողական  և պլաստիկ  կրկնակի վիրահատություններ:

Մյուս տուժածների մոտ առկա են սալջարդեր և բեկորային վնասվածքներ: Բոլորի վիճակը բավարար է, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները և  բժշկական միջամտությունները,  նրանք գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո:  Տուժածներից մեկը` 37-ամյա հղի կին է, որի կյանքին և  պտղին  վտանգ չի սպառնում: Նրան հսկում է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:

Հիվանդներն ապահովված են բոլոր անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

*

*