Լեռնագնաց Ավետիս Կալպակյան. «Հայաստանի դրոշն ինձ հետ բարձրացնելը մեծ ուժ էր տալիս»

Ծովի մակերեւույթից 6962մ բարձրության վրա գտնվող լեռան գագաթին Ավետիսը ծածանել է Հայաստանի դրոշը։
avetis-kalpakyan

mediamax.am— Օրեր առաջ բեյրութահայ լեռնագնաց Ավետիս Կալպակյանը հաղթահարել է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր գագաթը՝ արգենտինական Ակոնկագուան։ Ծովի մակերեւույթից 6962մ բարձրության վրա գտնվող լեռան գագաթին Ավետիսը ծածանել է Հայաստանի դրոշը։

Հայազգի լեռնագնացը ծնվել ու մեծացել է Լիբանանում: Լեռնագնացությամբ սկսել է զբաղվել 2002 թ-ից: Իր կյանքի 48 տարիների ընթացքում արդեն հասցրել է բարձրանալ ավելի քան 35 լեռ, այդ թվում Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Աֆրիկայի, Ավստրալիայի ամենաբարձր գագաթները։

Նրան մնում է հաղթահարել Անտարկտիդայի եւ Ասիայի ամենաբարձր գագաթները (Վինսոնը՝ 4892մ եւ Էվերեստը՝ 8848մ)։ Մեդիամաքսի թղթակիցը զրուցել է Ավետիսի հետ լեռնագնաց դառնալու որոշման, աշխարհի ամենաբարձր գագաթները մագլցելու դժվարությունների եւ դրանց հաղթահարման մասին։

— Ավետիս, տեղյակ եմ, որ տարիներ առաջ Ակոնկագուա բարձրանալու փորձ եք արել, սակայն գագաթին չեք հասել։

— Այո, դա 2012-ին էր։ Մինչեւ այդ չորս լեռ Ալպերում էի մագլցել, նաեւ բարձրացել էի Կիլիմանջարո (5895մ)։ Ակոնկագուան ամենաբարձրն էր իմ բարձրացած լեռներից, սակայն գագաթին բարձրանալու օրը, երբ մնացել էր ընդամենը 170մ, ինձ մոտ սուր լեռնային հիվանդություն սկսվեց։ Ընտրեցի նահանջի ճանապարհը, չնայած շատ մոտ էի գագաթին։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ իմաստուն որոշում եմ կայացրել, քանի որ լեռը միշտ իր տեղում կանգնած է։

— Այս անգամ ի՞նչ դժվարությունների հանդիպեցինք։ Ինչպիս՞ն էր եղանակը։

— Ակոնկագուան մի շարք առանձնահատկություններ ունի։ Օրինակ՝ ջերմաստիճանի կտրուկ նվազումը (-25/-35)՝ հիմնականում քամիներով ուղեկցվող, որոնք կարող են հեղեղներ առաջացնել։ Ակոնկագուան բարձր լեռ է, հետեւաբար՝ կարող են առողջական որոշակի բարդություններ առաջ գալ։

Լուսանկարը` Ա. Կալպակյանի արխիվից

Բուն լեռը բարձրանալու համար պահանջվեց 10 ժամ, իսկ ամբողջ ընթացքը տեւել է 18 օր։ Լեռ մագլցելու ժամանակ համբերությունը հաջողության հասնելու բանալին է։ Այս դեպքում եւս այդպես էր։ Ամենաերկար ու դժվար օրը լեռան գագաթին հասնելու օրն էր, որը սկսվեց առավոտյան ժամը 6-ին։ Չափազանց ցուրտ էր, այդ պատճառով էլ չէի կարող ավելի շուտ սկսել։ 10 ժամում հասա գագաթին, եւս 4 ժամում իջա ճամբար։

— Ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք, երբ վերջապես կարողացաք հասնել գագաթին:

— Այդ պահին ես ինձ երջանիկ ու բավարարված էի զգում, քանի որ դա իմ երկրորդ փորձն էր: Իրականում, ամեն գագաթ բարձրանալիս տարբեր էմոցիաներ եմ ունենում: Դա բարձունքի ընթացքում ունեցած բոլոր դժվարությունների, ցավի եւ ուսերիս վրա ամեն վայրկյան իրեն զգացնել տվող ծանրության միախառնումն է: Այս անգամ Հայաստանի դրոշն ինձ հետ բարձրացնելը մեծ ուժ էր տալիս, ես զգում էի, որ ոչ թե միայնակ եմ բարձրանում, այլ ինձ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:

— Եկեք վերադառնանք անցյալ: Ինչպե՞ս տարվեցիք ալպինիզմով։

— Փոքր տարիքում ամեն ամառ մենք լեռներում էինք մնում, այնտեղ տուն ունեինք: Մեր ընտանիքում բոլորը սիրում էին սպորտով զբաղվել, չնայած ես առաջինն էի, ով դարձավ լեռներ մագլցող: Ամեն ինչ սկսվեց 2002 թ-ին, երբ ընկերոջս հետ բարձրացանք Լիբանանի բարձր գագաթներից մեկը, որտեղ հասկացա, որ բնությունը բարձրադիր վայրերում նույնքան կենդանի է, որքան ցածրադիր վայրերում: Սիրահարվեցի այդ գեղեցկությանն ու սկսեցի ժայռեր մագլցել:

Մանրամասները՝ այստեղ

Մեկ Մեկնաբանություն
  • Լեռնագնաց Ավետիս Կալպակյան. «Հայաստանի դրոշն ինձ հետ բարձրացնելը մեծ ուժ էր տալիս» — Armenian National Committee of America
    3 марта 2017 at 00:00

    […] Source: Yerkir Media Link: Լեռնագնաց Ավետիս Կալպակյան. «Հայաստանի դրոշն ինձ հետ բ… […]

  • *

    *