Համայնքի ղեկավարի լիազորությունների կրճատում, ավագանու դերի բարձրացում․ ի՞նչ բարեփոխումներ են ակնկալում ՏԻՄ ոլորտում

Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված Ավագանիների 1-ին համաժողովը։
hamajoghov

Հայաստանի համայնքներում գործող ավագանիներն իրենց առաջնահերթ խնդիրներից մեկը ավագանու դերի բարձրացումն են համարում: Այս մասին դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Ավագանիների 1-ին համաժողովի ընթացքում «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«Ավագանու դերի բարձրացման հետ կապված խնդիր ունենք, որը հնարավոր է լուծել, եթե կրճատենք համայնքի ղեկավարի ու քաղաքապետի լիազորությունները: Կան լիազորություններ, որոնք վերապահված են միայն քաղաքապետին, և վերահսկողության լծակներ չեն տալիս ավագանուն անդամներին, որպեսզի այդ վերահսկողությունը լիարժեք իրականացվի, այս առումով անհրաժեշտ է կրճատել համայնքի ղեկավարի այդ լիազորությունները»,- նշեց Սամսոնյանը:

Ավագանու դերի բարձրացման հետ կապված նման տեսակետ ունի նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

«Նոր կառավարությունից տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ ենք ակնկալում, և կառավարության ծրագրում, իհարկե, դրանք պետք է արտացոլվեն: Ավագանին այսօր ավելի շատ կրավորական է, ավագանին նախաձեռնող չի, և առաջին խնդիրը սահմանափակ լիազորություններն են: Երբ համայնքներն ունենան բավականաչափ լիազորությունների ծավալ ու ֆինանսներ, մոտիվացիան ու մրցակցությունը բավական բարձր կլինի, բայց դրանից զատ ավագանին այսօր նաև համայնքի ղեկավարի կցորդն է»,- ասաց Երիցյանը:

Համայնքների ավագանիներն արդեն կունենան միասնական հարթակ, որտեղ կբարձրաձայնեն իրենց խնդիրներն ու կփորձեն լուծումներ գտնել: Այդ հարթակը կլինի համայնքների ավագանիների խորհուրդը, որը ձևավորվեց Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված Ավագանիների 1-ին համաժողովի ընթացքում:

*

*