Փոփոխություններ՝ ավագ դպրոցներում. Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել

12-րդ դասարանի աշակերտները 2-րդ կիսամյակից պայուսակում կտեղավորեն միայն այն առարկաների գրքերը, որոնց անունները իրենք կնշեն ցանկում:
avag-dproc

12-րդ դասարանի աշակերտները 2-րդ կիսամյակից պայուսակում կտեղավորեն միայն այն առարկաների գրքերը, որոնց անունները իրենք կնշեն ցանկում: Ավագ դպրոցների հետ կապված փոփոխություների մեկնարկը տրված է. մինչեւ դեկտեմբերի 1-ը աշակերտը պետք է գրավոր դիմում ներկայացնի տնօրենին եւ նշի այն առակաների ցանկը, որոնք պատրաստվում է ուսումնասիրել վերջին կիսամյակում: Իսկ միասնական քննություններ հանձնողները ցանկում պետք է ներառեն միասնական քննական առարկաները:

Ուսումնական այս գործընթացը կազմակերպելու ընթացակարգն արդեն հաստատված է. Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել ընթացակարգը հաստատելու մասին: Փոփոխությունների համաձայն՝ աշակերտները դպրոցական վերջին քննությունները հանձնելու են դեկտեմբերին եւ հարջորդ կիսամյակ՝ 5 ամսվա ընթացքում վերհիշելու են 3 առարկա:

Նախկինում 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում աշակերտներին ստիպում էին կենտրոնանալ միանգամից 6 առարկայի վրա: Նորամուծության արդյունքում արդեն կրկնուսույցների անհրաժեշտություն գուցե չլինի: Ոլորտի պատասխանատուի կարծիքով՝ ավագ դպրոցի ուսումնական ծրագրերի մեջ փոփոխություններ անելու անհրաժեշտությունը մեծ էր:

«Հասարակության մեջ որոշակի դժգոհություն կա ավագ դպրոցների մասով, ընդ որում, ոչ միայն ավագ, այլեւ միջնակարգ դպրոցների: Հիմնական խնդիրը հետեւյալն է. ծնողները վստահ չեն, որ իրենց երեխաները ժամանակը հստակ, օգտակար են ծախսում: Ավելի շատ կրկնուսույցների ժամանակաշրջանն է, երբ ծնողները խուսափում են երեխաներին ուղարկել դպրոց: Եւ սա էր պատճառը, որ մտածեցինք՝ շատ կարեւոր է, որ փորձենք 12-րդ դասարանը բեռնաթափել»,- ասում է Լեւոն Մկրտչյանը:

Նախարարի ստորագրված հրամանի համաձայն՝ եթե որեւէ առարկա ոչ մի աշակերտ չընտրի, ապա դրան հատկացված ժամաքանակը կվերաբաշխվի ընտրված մյուս առարկաներին, ըստ որի էլ կկազմվի 2-րդ կիսամյակի ուսումնական պլանը: Մեկից ավելի դասարանների առկայության դեպքում կարող են ձեւավորվել միեւնույն առարկան ուսումնասիրող զուգահեռ դասարաններից կազմված խմբեր: Իսկ անհրաժեշտ գրանցումները կկատարվեն առարկայական դասամատյանում: Կիսամյակային եւ տարեկան գնահատականներն էլ կփոխանցվեն դասարանի հիմնական դասամատյան:

12-րդ դասարանի ուսումնական գործընթացի փոփոխություններն այսքանով չեն ավարտվում: Աշակերտների ընտրած նյութի կրկնությունը կազմակերպվելու է դասացուցակին համապատասխան, ինչպես նաեւ արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներով: Աշակերտը մասնակցելու է միայն իր ընտրած առարկաների պարապմունքներին, իսկ արտադասարանային պարապմունքներին կարող է մասնակցել միայն այն դեպքում, երբ դասացուցակով նրա շաբաթական բեռնվածությունը պակաս է 31 դասաժամից: Այն նախատեսում է տրված հանձնարարությունների կատարում, լրացուցիչ գրականության եւ այլ աղբյուրների ուսումնասիրում, ստեղծագործական աշխատանք, նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի կիրառում, ինչպես նաեւ ուսումնական էքսկուրսիաների անցկացում: Դրանց մասնակցությունը հաշվառվելու եւ գրանցվելու է համապատասխան մատյանում:

Ի դեպ, աշակերտի տնօրինմանը հատկացված 3 ժամը նա կարող է նաեւ օգտագործել կրթական այլ հաստատություններում:

*

*