«Ավրորա»-ի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ մարդասիրական կենտրոն

Նուբար Աֆեյանը նշեց, որ սա նոր ծրագիր է` նոր գաղափարով. մարդասիրության ոլորտում նման ծրագրեր չեն եղել:
nubar-afeyan

«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ մարդասիրական կենտրոն: Aurora Dialogues քննարկումների շրջանակում երեկ լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: Նա նշեց, որ սա նոր ծրագիր է` նոր գաղափարով. մարդասիրության ոլորտում նման ծրագրեր չեն եղել:

«Մեր նման փոքր ազգն այսօր աշխարհին ներկայացնում է նոր գաղափարներ`  թե′ վերապրողների,  թե′ նրանց սատար կանգնող հերոսների մասին: Այս թեմաների վրա աշխարհը քիչ է կենտրոնանում: Այսօր տեսնում ենք, որ  Եվրոպայում խոսվում է փախստականների խնդիրների մասին, բայց մյուս կողմից, կան մարդիկ, ովքեր վտանգում են իրենց կյանքը նրանց փրկելու համար»,-ասաց Նուբար Աֆեյանը:

Նուբար Աֆեյանը հիշեցրեց, որ հայ ազգն այդպիսի ճակատագիր է ունեցել, հայերի պատմությունը դա է եղել, երբ սարսափելի տառապանք տեսածներին սիրիացիները, ամերիկացիները և այլ ազգեր օգնել են, շատերին հասցրել են մի հանգրվանի: Ու այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում ապրում են հայեր, հայ ազգն ունի պետություն, ու աշխարհին բարձրաձայնում է մարդասիրական խնդիրների մասին:

«Մենք պետք է ցույց տանք, որ կարողացանք հաղթահարել այդ լքված լինելու զգացումը, ու այսօր դարձել ենք օրինակ: Մենք պետք է նաև ուրիշների ցավը կիսենք: Դա կլինի լավագույն պատասխանը թուրքերին: Այսպիսի օրինակները շատ ազդեցիկ են: Նախորդ տարի գումարներն ուղղվեցին Բրազիլիայի ծնողազուրկ երեխաների օգնությանը: Այդ երեխաները, ովքեր մինչ այդ չգիտեին Հայաստանի մասին, այսօր խոսում են օգնող, կարեկցող հայերի մասին»,-հավելեց Նուբար Աֆեյանը:

Հիշեցնենք, որ «Ավրորա»-ի երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա այսօր երեկոյան։

*

*