Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ ՀՀ հանրակրթական դպրոցների կողմից տրվող ավարտական ատեստատներում ռուսերեն նշումներին և նշեց, որ դա ունի իր հիմնավորումը և ունի պահանջարկ:
«Հայաստանի աշակերտների մի մասը դպրոցն ավարտելուց հետո գնում են Ռուսաստան: Նրանք այնտեղ աշխատում են, ատեստատ ներկայացնելու խնդիր է լինում, որպեսզի ատեստատը չտան թարգմանության, ՀՀ ԿԳՆ-ն միանգամից ռուսերեն տարբերակն էլ է նշում դրանում: Մեր երեխաների մի մասը արտագնա աշխատանքի են մեկնում և հետ են գալիս, ատեստատն իրենց պետք է»,- ասաց նախարարը:
Հարցին, թե միայն Ռուսաստանո՞ւմ է հայերին ատեստատ պետք գալիս, այլ երկրներում այդ խնդիրը չկա՞, նախարարը պատասխանեց.
«Եթե անգլերենի խնդիր լինի, կդիմեն մեզ, անգլերեն տարբերակը կտանք, բայց հիմա մեծ մասը Ռուսաստան են գնում»,- նկատեց նախարարը՝ ավելացնելով, որ դա օրենքով է կատարվում, անօրինական ոչինչ չկա:
Մկրտչյանն ընդգծեց, որ եթե բնակչության մեծ ծավալի անհրաժեշտ լինի, օրինակ, անգլերենի նշումը, ապա այդ հարցում ևս խնդիր չի լինի: Ըստ նախարարի, ատեստատում ռուսերենի առկայության հարցը քննարկվել է մանրամասն և հասկանալի է եղել, որ եթե այն հանվի, ապա բնակչության մեծ մասի առջև կդրվի գումարային մեծ բեռի խնդիր: