«Աշխարհի ամենամեծ դասին» այսօր մասնակցել են Երեւանի թիվ 3 ավագ դպրոցի աշակերտները

Հայաստանի դպրոցականներն այսպիսով միացան 100-ից ավելի երկրների աշակերտներին, որոնք մասնակցեցին «Աշխարհի ամենամեծ դասին»։

Երեւանի թիվ 3 ավագ դպրոցի շուրջ 70 դպրոցականների համար դասընթացը սկսվեց ոչ թե դասասենյակներից, այլ դպրոցի դահլիճում։ Հայաստանի դպրոցականներն այսպիսով միացան 100-ից ավելի երկրների աշակերտներին, որոնք մասնակցեցին «Աշխարհի ամենամեծ դասին»։ Որո՞նք են այս պահին աշխարհի առջեւ ծառացած խնդիրները եւ ի՞նչ լուծումներ են առաջարկում դպրոցականները: Յունիսեֆի եւ Կրթության ու գիտության նախարարության նախաձեռնությամբ սկսված դասից առաջ նախարար Լեւոն Մկրտչյանը նկատեց, որ այն հնարավորություն է տալիս դպրոցականների համար համաշխարհային մակարդակով հասու դարձնել քաղաքակրթության այսօրվա մարտահրավերները:

«Մեզ` փոքր երկրների համար շատ կարեւոր է, որպեսզի մատաղ սերունդն իրեն զգա մոլորակի մի մասնիկը, որն ի վիճակի է լուծել ոչ միայն մեր Հանրապետության, տարածաշրջանի առջեւ ծառացած հիմնախնդիրները, այլեւ մտահոգ է աշխարհի զարգացմամբ»,- ընդգծեց Լեւոն Մկրտչյանը:

Դիմելով աշակերտներին` նախարարը նշեց, որ նոր սերնդի ուսերին է լինելու ոչ միայն Հայաստանի, տարածաշրջանի, այլ նաեւ աշխարհի առջեւ ծառացած խնդիրների լուծումները գտնելը, իսկ դրանք ավելի լավ կյանք ունենալու հնարավորություն կընձեռեն մարդկությանը: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչան էլ նշեց, որ յուրաքանչյուր աշակերտ սուպեր հերոս է, քանի որ յուրաքանչյուրի ներսում աշխարհում ինչ¬որ բան փոխելու ուժ կա։

«Կարեւոր է` իմանաք, թե ինչ անել, որ փոփոխությունները դեպի լավը տանեն, օրինակ` գուցե չգիտեք, թե ինչ վնաս են պատճառում մոլորակին պլաստիկ շշերն ու պոլիէթինելային տոպրակները եւ, եթե իմանաք, գուցե սկսեք ավելի քիչ կիրառել դրանք: Որպեսզի ինչ-որ փոփոխությունների գնանք, պետք է գիտելիքներ ունենանք»,- նշեց Տանյա Ռադոչան:

Իսկ աշակերտների գիտելիքները պարզելու համար ձեւավորվեցին խմբեր, առաջադրանքներ ներկայացրին տարբեր թեմաներով։ Այն քննարկելու եւ պատասխանելու համար աշակերտներն ընդամենը 5 րոպե ժամանակ ունեին։ «Աշխարհի ամենամեծ դասի» դասալսողներին պետք է ներկայացնեին, թե ինչ քայլեր պետք է արվեն աշխարհում աղքատության կրճատման, կլիմայի փոփոխության, նաեւ բնության պահպանության համար։

Ներկայացված լուծումներից հետո դասալսողները կարծիք հայտնեցին, որ աշակերտները բավականին տեղեկացված են։ Նաեւ հույս հայտնեցին, որ երբ այսօրվա սերնդին վերապահվի աշխարհն ավելի լավը դարձնելու համար որոշումների ընդունումը, կհիշեն այս դասի ընթացքում հնչեցրած առաջարկներն եւ հետամուտ կլինեն դրանց իրականացմանը։ Ի դեպ, Յունիսեֆի «Աշխարհի ամենամեծ դասը» ծրագրին նախորդ տարի մասնակցել են աշխարհի ավելի քան 160 երկրների շուրջ 500 միլիոն աշակերտներ։

Մանրամասները՝ տեսանյութում

*

*