Արդիականացումից հետո Արյունաբանական կենտրոնը պատրատ է ոսկրածուծի փոխպատվաստման

Հայաստանում այժմ բազմակի միելոմայով 191 հիվանդ կա: Նրանց շուրջ 30 տոկոսը փոխպատվաստման կարիք ունի:

 

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն արդիականացումից հետո տեխնիկապես պատրատ է իրականացնել ոսկրածուծի փոխպատվաստում, առայժմ միայն մասնագիտական փորձն է պակասում:

«Որպեսզի նորաստեղծ բաժանմունքում իրականացնենք այդ փոխպատվաստումները, անհրաժեշտ է հրավիրել արտերկրից խոշոր մասնագետների 1-ին փոխպատվաստումներն իրենց հետ կազմակերպելու համար»,-ասում է Ռ.Օ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

Դոկտոր Դաղբաշյանի խոսքով, կենտրոնում բացված ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքն ու ցողունային բջիջների լաբորատորիան տարածաշրջանային բացառիկ նշանակություն ունեն եւ հիվանդներին հնարավորություն կտան բուժում ստանալու համար արտասահման չմեկնել:

«Փոխպատվաստումը բավականին ծանր բժշկական գործողություն է, եւ այդ ամբողջ պրոցեսի իրականացման համար մեզ անհրաժեշտ է, որ մեր կողքին լինեն աշխարհի լավագույն մասնագետները»,- ասում է Սմբատ Դաղբաշյանը:

Հայաստանում այժմ բազմակի միելոմայով 191 հիվանդ կա: Նրանց շուրջ 30 տոկոսը փոխպատվաստման կարիք ունի: Արյունաբանական կենտրոնը ընտրել է 9 հիվանդի, եւ կոմպլեքս հետազոտության արդյունքում, որը կարող է մեկ ամսից ավել տեւել, կընտրվեն նրանք, ովքեր համապատասխանում են փոխպատվաստման հստակ ցուցումներին:

Հայ մասնագետներին վերապատրաստելու նպատակով եռօրյա այցով Հայաստանում էր Եվրոպայի առաջատար փոխպատվաստման կլինիկաներից մեկի՝ Վիեննայի Վիլհելմինենսպիտալ կենտրոնի դոցենտ Նիկոլաս Ցոյերը: Ավստրիացի անվանի մասնագետը դասախոսություններից ու քննարկումներից զատ նաեւ զննելու եւ հայ մասնագետների հետ քննարկելու էր Հայաստանում առաջին փոխպատվաստման համար ցուցումներ ունեցող հիվանդների դեպքերը եւ բուժման համար փոխպատվաստման արդյունավետությունը: Հայ գործընկերների հարցերին պատասխանելուց հետո դոկտոր Ցոյերը շտապում է քիմոթերապիայի բաժանմունք ծանոթանալու հիվանդների հետ եւ խորհուրդներով օգնելու բժիշկներին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

*

*