Արթուր Վանեցյանն առաջարկում է 3-ից 5 տարով արգելել որսորդությունը

«Ես արդեն մոտ 6-7 տարի է` չեմ գնացել որսի»

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկում է 3-ից 5 տարով Հայաստանի Հանրապետությունում որսն արգելել: Այս մասին առաջարկը Վանեցյանը հնչեցրեց կառավարության մայիսի 10-ի նիստում:

«Եկեք որսը 3-5 տարով արգելենք Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի կենդանական պոպուլյացիան վերականգնվի: Նախկինում լինելով շատ ակտիվ որսորդ՝ ես արդեն մոտ 6-7 տարի է` չեմ գնացել որսի և միշտ այդ մասին խոսում եմ: Եկեք այդ նախաձեռնությամբ հանդես գանք, արգելենք առհասարակ որսը, որ այն արգելելը լինի ոչ միայն այս օրենքներով, որը մենք ընդունում ենք, այլ նաև, ենթադրենք, որսորդական փամփուշտների ներմուծման ժամանակավոր արգելք սահմանենք: Որովհետև գնում ու անկանոն որս են անում»,- ասաց Վանեցյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց զբաղվել այդ հարցով, բայց խնդիրը բազմակողմանի ուսումնասիրել:

«Մենք դրա նման մի բան պետք է անենք, որովհետև այդ գաղափարը շատ ճիշտ ու լավ գաղափար է: Բայց պետք է խնդրին բազմակողմանի նայենք: Երևի կան կենդանատեսակներ, որոնց պոպուլյացիայի հետ կապված խնդիրներ չունենք: Եկեք մասնագիտական ուսումնասիրություն անենք»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը մայիսի 10-ի նիստում առաջարկեց օրենսդրական փոփոխությունների արդյունքում կրիտիկական վիճակում գտնվող կովկասյան ընձառյուծի որսի, ոչնչացման դեպքում պատճառված վնասի տուգանքը բարձրացնել 97 մլն դրամով:

*

*