Ուժային կառույցները միշտ էլ աշխատում են «արտակարգ» ռեժիմով․ ԱԱԾ պետ

Արթուր Վանեցյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին․․․
artur-vanecyan

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ուժային կառույցներն աշխատելու են արտակարգ ռեժիմով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ուժային կառույցները միշտ էլ աշխատում են «արտակարգ» ռեժիմով:

«Մենք կատարում ենք մեր պարտականությունները օրենքի շրջանակներում: Մենք մեր պարտականությունները կատարելու ենք բարեխիղճ կերպով»,-  նշեց նա:

Հարցին՝ հակահեղափոխության կամ սաբոտաժի վտանգ չկա՞, Արթուր Վանեցյանը պատասխանեց.

«Գիտեք, վտանգները միշտ կան: Մենք այն տեսակետին ենք, որ պետք չէ թուլանալ: Մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որպեսզի Հայաստանի տարածքում բացառենք ցանկացած օրինախախտում, որոնք հատկապես կապված են ձեր նշած դեպքերի հետ»:

Նա հավելեց, որ Սահմանադրությամբ ուժային կառույցները ենթարկվում են վարչապետին, իսկ ԱԱԾ-ի խնդիրներից մեկը սահմանադրական կարգի պահպանումն է: ՀՀ ԱԱԾ տնօրենը հավաստիացրեց, որ իրենք ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին և թույլ չեն տա, որ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն խախտումներ, որոնք կհանգեցնեն սահմանադրական կարգի խախտման:

*

*