Արթուր Մեսչյանը Կասկադի շինարարության ավարտը հրատապ է համարում

Կարծում է, որ «Գաֆեսճեան թանգարան-հիմնադրամի» տարածքում գտնվող փոսորակը պետք է հնարավորինս շուտ փակվի
kaskad2-ed

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կարծում է, որ «Գաֆեսճեան թանգարան-հիմնադրամի» տարածքում գտնվող փոսորակը պետք է հնարավորինս շուտ փակվի: Մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը Մեսչյանն ասաց, որ արդեն քանի տարի է՝ փոսորակը կիսակառույց վիճակում է:

«Հիմա սեփականության խնդիր կա և ամենադժվարը գտնելն է, թե ում հետ ենք բանակցելու: Եթե տարածքի սեփականատերերը շինարարություն չեն անելու, թող վաճառեն, և եթե վաճառեն, մենք կարող ենք գտնել կառուցապատողներ, ովքեր կարող են ավարտել Կասկադը»,- ասաց նա:

Մեսչյանի խոսքով՝ ճարտարապետ Ասլան Մխիթարյանը Կասկադն ավարտող շատ լավ նախագիծ ունի:

«Այն կառուցապատողը, որը հանձն կառնի շինարարությունը, վերևի հարթակի և Մոնումենտի ռեստավրացիայի հարցը պետք է դնել այդ կառուցապատողի ուսերի վրա, որ ինքը քաղաքին մի բան տա»,- հավելեց գլխավոր ճարտարապետը:

«Գաֆեսճեան թանգարան-հիմնադրամին»  2002 թ. տրամադրված «Կասկադ» համալիրին հարող շուրջ 9.8 հա տարածքում 2005 թվականին հիմնադրամը նախաձեռնել էր կառուցել նոր արվեստի կենտրոն՝ «Հասարակական և մշակութային համալիր»: Համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա 2007 թ. «Գաֆեսճեան թանգարան-հիմնադրամին» տրվել է «Կասկադ» համալիրին հարող տարածքի կառուցապատման, բարեկարգման նախագիծ և մեկնարկել էին «Հասարակական և մշակութային համալիր» արվեստի կենտրոնի շինարարական աշխատանքները՝ քանդվել է փոսորակ և կատարվել են որոշակի հիմնային աշխատանքներ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով շինարարական աշխատանքները դադարեցվել են:

*

*