Արթուր Մեսչյան. «Ոչ ոք չի եկել քաղաքապետարան հարստանալու համար»

«Ցանկացած շինարարություն այսօր բերում է բնակիչների դժգոհությունը»

Երևանի վարչական շրջանների լիազորությունները քաղաքաշինական ու ճարտարապետական հարցերում կընդլայնվեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Վարչական շրջանների ղեկավարները  համայնքի պահանջները շատ ավելի լավ գիտեն և կարող են բնակիչների հետ կոորդինացնել բոլոր հարցերը: Ցանկացած շինարարություն այսօր բերում է բնակիչների դժգոհությունը»,-ասաց նա:

Մեսչյանը ցավով նշեց, որ շատ ծրագրեր կան, որոնք Երևանի քաղաքապետարանն ուզում է իրականացնել, սակայն խոչընդոտ են հանդիսանում օրենքները: «Երևանի ավագանին պիտի մեզ օգնի այդ հարցում»,-նշեց  նա:

Անդրադառնալով Երևանի վթարային շենքերի բնակիչների խնդիրներին՝  Երևանի գլխավոր ճարտարապետն ասաց, որ վթարային շենքերի բնակիչները կտեղավորվեն այն ծրագրերի մեջ, որոնք իրականացնում է կառուցապատողը, քանի որ համայնքային բյուջեով նման ծրագրեր իրականացնելն անհնար է:

«Քաղաքապետարանը հայթայթում է գումար, որ կարողանա իրագործել շատ կարևոր ծրագրեր: Իհարկե, լավ կլիներ, որ քաղաքը դրանց համար իր բյուջեն ունենար: Կա խնդիր և մենք փորձում ենք դա լուծել: Տրամաբանական է, թե ոչ, թողնում եմ ձեզ, բայց միակ տարբերակը սա է»,-հավելեց նա:

Արթուր Մեսչյանն ասաց, որ եթե մոտակա ժամանակահատվածում իր իրավասության տակ գտնվող բաժինների աշխատողների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 18:00-ին բոլորին ուղարկելու է տուն, և ոչ ոք այդ ժամից  հետո աշխատանքի վայրում չի լինելու:

«Էլ չեմ խոսում շաբաթ ու կիրակի օրերի մասին: Դա կարող եք ընդունել որպես նախազգուշացում: Այն աշխատավարձը, որ  ստանում են մարդիկ, ովքեր կատարում են այդ աշխատանքը, տրամաբանության սահմաններում չէ:  Տգեղ խոսակցություններ են գնում քաղաքապետի աշխատավարձի հետ կապված: Ոչ ոք չի եկել քաղաքապետարան հարստանալու համար: Մենք փորձում ենք հնարավորության սահմաններում օգտակար լինել քաղաքին և ինչ-որ չափով բարոյական աջակցություն պետք է պահանջենք»,-հավելեց նա:

*

*