Արթուրը եկավ Հայաստան՝ ծառայելու ու կյանքը տվեց հայրենիքին

Կյանքի գնով շուրջ 3 ու կես ժամ պահեց իր դիրքն ու կանխեց հակառակորդի առաջխաղացումը:

Արթուր Գեւորգյանին դպրոցում լավ են հիշում՝ սովորելու հետ շատ սեր չուներ, բայց պատրաստակամ էր ցանկացած հարցում օգտակար լինել ընկերներին եւ ուսուցիչներին: Հիմա արդեն նրան ոչ միայն որպես նախկին շրջանավարտի են հիշում, այլեւ հերոսի, ով մյուս ընկերների հետ կյանքի գնով շուրջ 3 ու կես ժամ պահեց իր դիրքն ու կանխեց հակառակորդի առաջխաղացումը:

Դպրոցում հաճախ են ապրիլյան մարտերում հերոսացած տղաներին հիշում, նրանց նվիրված միջոցառումներ անցկացնում: Արթուր Գեւորգյանի անվան դասասենյակում սովորող աշակերտներից ոմանք նաեւ անձնապես են ճանաչել նրան, շփվել են հետը որպես ավագ ընկերոջ եւ այսօր կարոտով են հիշում:

Արթուրի մասին պատմությունները շատ են ու տարբեր, բայց մեկը բոլորը գիտեն. եկավ Հայաստան ու գնաց կռվելու: Կռվելու համար չէր, որ վերադարձել էր Հայաստան, այլ հայրենիքին իր պարտքը տալու՝ ծառայելու Հայոց բանակում: Եթե ապրիլյան մարտական գործողությունները չլինեին, գուցե լավ ծառայության համար մեդալներով վերադառնար տուն: Մոր անհանգիստ հարցադրումներին միշտ նույն պատասխանն էր տալիս՝ դեռ շատ ես հպարտանալու զինվոր որդուդ հաջողություններով:

«Գնամ ծառայեմ, գամ, գործի անցնեմ, շուտ-շուտ, անընդհատ շտապում էր ինքը»,- պատմում է մայրը՝ Գրետա Աչոյանը:

Երբեք նկարչության դասերի չէր գնացել, բայց վաղ հասակից նկատելի էր այդ ձիրքը: 9-րդ դասարանն ավարտելուց հետո հոր մոտ էր մեկնել՝ Ռուսաստան, կոշիկի մոդելներ էր գծագրում, շատ էր հպարտանում դրանցով: Երբ ծառայության ժամանակը եկել էր, անակնկալ տուն էր վերադարձել: 1994 թ-ին Արցախում զոհված մորեղբոր՝ Արթուր Աչոյանի անունն էր կրում, նրա գործի շարունակողը պիտի դառնար:

«Ծառայությանը էլի լավ էի նայում, բայց որ ընկավ Ջաբրաիլ, տագնապ կար մեջս, բայց ինքը շատ է ոգեւորել ինձ ու դա անցել է, ամեն խոսելուց միշտ ոգեւորել է»,- հիշում է մայրը:

Մայրն ասում է՝ ծառայության ժամանակ ոչ մի խնդրանք ու պահանջ չուներ. այնքան լավ էր ամեն ինչ ներկայացնում, որ անհանգստությունները փարատվում էին.

«Ես էլ հումորով ասում էի՝ Արթուր ջան, ծառայության ես գնացել, թե սանատորիա: Ասում էր՝ հաշվի ըտենցա, մամ ջան:
Արձակուրդին եկավ, ձանձրանում էր, մամ ջան, ասում էր, գնամ, էնտեղ լավ է անցնում, դու չես պատկերացնում: Թե ինձ էր հանգստացնում… »

Ապրիլի մեկին մայրը զանգել էր, Արթուրն ասել էր՝ զբաղված է, դիրքեր է բարձրանում, վերեւից կխոսի նրա հետ: Այդպես էլ չզանգեց: Տիկին Գրետան ասում է՝ եղբոր ճակատագիրը կրկնվեց՝ արտաքին նմանություններ ունեին երկուսն էլ լավ լողորդ էին, երկուսն էլ նույն տարիքում զոհվեցին եւ գրեթե նույն տեղանքում: Հետո էր ամուսինը պատմել, որ Արթուրն իրենից թաքուն որոշում էր կայացրել՝ շարունակելու է զինվորական ծառայությունը: Ծառայության ավարտին էր որոշման մասին նրան հայտնելու, բայց ասելիքն էլ, նպատակներն էլ կիսատ մնացին:

«Շենքի շտապ օգնությունն էր Արթուրս, տատիկներին էր օգնում, թեկուզ խանութ էր գնում, օգնում էր մեծահասակներին, մի ուրիշ երեխա էր»,- հիշում է մայրը:

Արթուրի քույրը՝ Ալվարդը, ասում է՝ բոլորը եղբորը նույն կերպ են հիշում՝ Արթուրից առաջ ժպիտն էր գալիս: Պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարում մռայլ է դուրս եկել: Բոլորը զարմացած են՝ ախր միշտ ժպտում էր, ինչպես է ստացվել: Քույրը նկարի պատմությունն էլ գիտի՝ բժշկական ստուգումներից հետո հոգնած ու մի փոքր բարկացած է եղել լուսանկարվելիս: Արթուրի առաջին ուսուցչուհին էլ է հիշում իր լավագույն աշակերտներից մեկի լիաթոք ծիծաղն ու պատրաստակամությունը: Ասում է՝ միշտ կարող էիր վստահ լինել, որ դժվար պահին Արթուրը կողքդ է լինելու:

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*