Ակնկալում ենք, որ գործող իշխանությունը հանդես կգա լարվածությունը լիցքաթափելու կոնկրետ քայլերով․ Ա․ Մինասյան

«Կոչ եմ անում իշխանություններին, օր առաջ վերջ տալ այս վիճակին»:
arcvik-minasyan

Այն անօրինականությունը, այն այլանդակությունը, որ ամիսներ շարունակ թե′ եթերից, թե′ սոցիալական ցանցերից հնչում է ողջ հանրության առջև, սերմանում է ատելություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, որը եկել էր ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ տեղի էր ունենում «Ես եմ ծեծել» ինքնաբուխ բողոքի ակցիան: 

Նա նշեց, որ տևական ժամանակ է` ինչ հրապարակային կոչեր են հնչեցվում Արցախյան ազատամարտի հերոսների նկատմամբ, հնչեցվում են հրապարակային սպառնալիքներ` Արցախյան ազատամարտի խորհրդանիշ Պարգև սրբազանի հասցեին: Հնչեցում են սպառնալիքներ Արցախի նախագահի հասցեին, Արցախյան պատերազմում մարտնչած հայորդիների հասցեին:

«Եվ այդքանից հետո, տեսնում ենք իշխանությունների ակնհայտ անտարբեր, փնթի, առանձին դեպքերում նաև հրահրող կոչեր, բնական է, որ հասարակության մեջ լինելու են նաև ընդվզումներ: Եվ այն մարդիկ, ովքեր, տեսնելով այս անգործությունը, գնում են իրավունքի ինքնապաշտպանության ճանապարհով: Այս երևույթը կարող է նաև շարունակական բնույթ կրել: Եվ այս ամենի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանություններն են: Պետք է ժամանակին կանխվեր այն այլանդակությունը, որը հնչում էր հրապարակայնորեն: Իսկ իշխանությունը ցուցաբերում էր քար լռություն, անգամ քաղաքական հայտարարությամբ հանդես չի գալիս՝ դատապարտելու իրենց արժանապատիվ քաղաքացի համարող, բայց իրականում ոչ մի արժեքային համակարգ չունեցող անձանց: Հակառակը, թույլատրում է, հիմնավորում, թե  ժողովրդավարական ճանապարհով ենք գնում, և ամեն մեկն ինչ ուզենա, կարող է ասել, արդյունքում էլ հրապարակային վիրավորանքն ու սպառնալիքը դառնում է առօրյա երևույթ: Իսկ պատասխանն էլ այսպես է լինելու:

Կոչ եմ անում իշխանություններին օր առաջ վերջ տալ այս վիճակին: Դատապարտել և հետևողական լինել բոլոր անհանդուրժողական և թշնամություն սերմանող վարքագծին, որն այսօր տիրում է մեր երկրում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով` չի կարող 130 տարեկան քաղաքական ուժն ինչ-որ տեղ նաև հանդուրժի որևէ բռնություն, անկախ նրանից, դա ում նկատմամբ է կիրառվում, եթե հրապարակային այլանդակությունները համարժեք արձագանք չեն ստանում: Նա նշեց, որ տեղեկատվություն է ստացել այն մասին, որ մարզային ոստիկանությունում նույնպես մարդիկ ինքնաբուխ ներկայանում են և միջադեպի պատասխանատվությունը իրենց վրա վերցնում: Եվ որպես քաղաքական ակցիա, դա կարող է ավելի լայն տարածում և բացասական հետևանքներ ունենալ:

«Այսօր առավոտյան մեր քաղաքացիներն ինքնաբուխ ընդվզեցին այսպիսի երևույթների դեմ: Ժամ առաջ գործող իշխանությունը պետք է քայլ իրականացնի, որպեսզի բացասական դրսևորումները տարածում չստանան: Մենք, այսօրվա ինքնաբուխ ընդվզման տեղեկությունը ստանալով, կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ չխանգարել ոստիկանությանը հավելյալ ցուցմունքներով, թողենք, որ ոստիկանությունը իր գործն անի: Ակնկալում ենք, որ գործող իշխանությունը ժամ առաջ հանդես կգա լարվածությունը լիցքաթափելու կոնկրետ քայլերով, իսկ հրապարակային սպառնալիքներ հնչեցրած, թշնամություն սերմանող մարդիկ կենթարկվեն իրավական պատասխանատվության»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը:

*

*