Արցախի ընկուզենու փայտից պատրաստված զարդերը հիացրել են ոսկերչական ցուցահանդեսի մասնակիցներին

Վիկտորյա Պապոյանի խոսքով՝ ցանկություն կա ընդլայնելու բիզնեսը, սակայն բավականաչափ աշխատանքներ չկան:
ynkuzenu-zard

«Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում բացված JUNWEX Yerevan show ոսկերչական իրերի եւ ժամացույցների 6-­րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացված են նաեւ յուրօրինակ փայտյա զարդեր բնական տարբեր քարերի համադրությամբ:

Վիկտորյա Պապոյանը նշեց, որ զարդերի պատրաստմամբ զբաղվում է հայրը՝ Ռոբերտ Պապոյանը, ով սպորտի վաստակավոր մարզիչ է (ջրագնդակ), իսկ աշխատանքների յուրահատկությունը պայմանավորված է նրանով, որ վերջիններս պատրաստվում են Արցախի ընկուզենու փայտից: «Աշխատանքների դիզայնով զբաղվում ենք ես ու մայրս, իսկ հայրս պատրաստում է: Ընդամենը 2­3 տարի է, ինչ զբաղվում ենք այս գործով: Հայրս երբեք չի պատրաստել նման զարդեր, սակայն մի օր որոշեց կնոջը նվեր մատուցել, եւ դա դարձավ մեր ընդհանուր աշխատանքի սկիզբը: Մենք գաղափարներ ենք մշակում, հայրս՝ պատրաստում է»,­- ասաց նա:

Վիկտորյա Պապոյանի խոսքով՝ ցանկություն կա ընդլայնելու բիզնեսը, սակայն բավականաչափ աշխատանքներ չկան, իսկ գնային քաղաքականությունը տատանվում է 10­-70 հազար դրամի սահմաններում: «Շատ են մոտենում, հավանում են եւ գնում, սակայն այս մի քանի տարիների ընթացքում պահանջարկը նվազել է՝ երեւի թե կախված սոցիալական պայմաններից: Մեր աշխատանքները Վրաստան էլ են տանում, Շվեյցարիա: Նույնիսկ դրսում, որ մեզ վրա տեսնում են, մոտենում, հարցնում են: Առաջին անգամն է, որ մասնակցում ենք այս ցուցահանդեսին, եւ շատ հաճելի է, որ այստեղ նույնպես մոտենում, հետաքրքրվում են, դրական արձագանք կա»,­- ասաց Վիկտորյա Պապոյանը:

Հարցին, թե արդյոք ցուցահանդեսի շրջանակում ինչ­որ մեկն արդեն գնել է ներկայացված զարդերից, նա նշեց, որ առաջին գնորդը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է:

*

*