«Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու»․ Լ․ Մնացականյան

Արցախում անընդհատ հետեւում են ադրբեջանական զինուժի քայլերին:
levon-mnacakanyan

«Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու»,- հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը: «Հետքին» տված հարցազրույցում` անդրադառնալով առաջնագծին, Լեւոն Մնացականյանը նշել է, որ հակառակորդը գործնական վարժանքներ է իրականացնում:

«Վարժում են անձնակազմը, փորձարկում են տեխնիկան, մշակում մարտավարությունը: Այս ամենը հուշում է, որ պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման»: Լեւոն Մնացականյանի խոսքով, սկսել են նաեւ ինժեներական ստորաբաժանումների զորավարժությունները, ինչը թույլ է տալիս մտածել, որ նրանք նախապատրաստվում են ինչ-որ գործողությունների: Եղել են նաեւ տանկային, ինժեներական եւ ռեզերվային ստորաբաժանումների զորավարժություններ:

Արցախի պաշտպանության նախարարը նշել է, որ անընդհատ հետեւում են ադրբեջանական զինուժի քայլերին, սակայն հակառակորդի նախահարձակ մտադրության մասին կարող են իմանալ ժամերի, այլ ոչ թե օրերի ընթացքում:

Ի դեպ, մի քանի ժամվա տարբերությամբ Արցախի ԱԱԾ-ի արդեն նախկին պետ՝ հիմա նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը նույն թեմային առնչվող գրություն է կատարել: Իր ֆեյսբուքյան էջում նա հրապարակել է հայկական դիրքերից հարված ադրբեջանական խոշոր՝ Թարթառ բնակավայրի լուսանկարներ ու գրառմամբ կրկնել Լեւոն Մնացականյանի միտքը․ «Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ է լինելու»:

*

*