Արթիկի քաղաքապետի խորհրդականը պնդում է. «երրորդ օրն է՝ բակային տարածքներն ինտենսիվ մաքրվում են»

Արթիկում հաջողվել է ջրի հունն ամբողջությամբ վերադարձնել հեղեղատարներ: Ներկայում ոչ մի շինություն ջուր չի լցվում:
artik

Արթիկում հաջողվել է ջրի հունն ամբողջությամբ վերադարձնել հեղեղատարներ: Ներկայում ոչ մի շինություն ջուր չի լցվում: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արթիկի քաղաքապետի խորհրդական Մելսիդա Կիկոյանը:

«Դա մեծ ձեռքբերում է, մասնագետներն են նշում, որ հսկայածավալ աշխատանք է կատարվել: Ասեմ, որ փողոցները բաց են ու մաքուր, դեռ հունիսի 29-ից փողոցները փակ չեն եղել: Այն կադրերը, որոնք շրջանառվում են ու նշվում, թե փողոցներում հողակույտեր կան, դա ապատեղեկատվություն է: Այդ հողակույտերը կապ չունեն հեղեղումների հետ: Մինչ հեղեղումը քաղաքի մի քանի փողոցներում իրականացվում էին գազատարի հիմնանորոգման աշխատանքներ: Այս պահին նույնպես այդ աշխատանքները շարունակվում են: Ներկայում ընդամենը մեկ փողոցի մի հատվածում կան հողակույտեր, դա գազատարերի հիմնանորոգման աշխատանքների արդյունք է»,- ասաց Մելսիդա Կիկոյանը:

Ինչ վերաբերում է տների բակերի մաքրմանը, ապա նա տեղեկացրեց, որ երրորդ օրն է՝ բակային տարածքներն ինտենսիվ մաքրվում են, կիրառվում է ծանր տեխնիկա:

«Շատ փոքր տարածքներ են մնացել, որ մաքրված են, դա էլ պայմանավորված է շինությունների դիրքով: Տեխնիկան չի կարող մտնել այդ տարածքներ, դրանք նեղ են: Տեղ-տեղ անհրաժեշտություն է առաջացել հեռացնել ծառերը, դա արվել է բնակիչների թույլտվությամբ»,- հավելեց Մեսլիդա Կիկոյանը:

Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հեղեղատարների խցանման հետևանքով ջրալցվել են քաղաքի գլխավոր փողոցները, տները:

*

*