Կարո՞ղ է` վաղը, մյուս օրն էլ մեկը պահանջի Արցախը զոհել, որ Հայաստանը լավ ապրի, մտահոգ եմ. Արթուր Խաչատրյան

100.000 մարդ հանել գցել փողոց: Հենց այնպես, մի հարվածով...
artur-xacgatryan2

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Որքան էլ անձնական խորը ակնածանք ունենամ Վարազդատ Կարապետյանի նկատմամբ, որևէ կերպ չեմ կարող համաձայնվել այս մոտեցման հետ: Սա կոչվում է ազգային պետության վախճան: Ամեն բան հանել տալ մասնավորին: Մասնավոր դպրոցներ, մասնավոր հիվանդանոցներ, մասնավոր ոստիկանություն (ո՞վ ասաց, որ մասնավորը չի կարող հասարակական կարգն ավելի լավ պաշտպանել, քան պետությունը, կամ էլ մասնավոր խուզարկուներն ավելի վատն են, քան պետականները), մասնավոր բանտեր, մասնավոր դատարաններ, մասնավոր բանակ (վարձկաններ միշտ էլ եղել են ու կլինեն), մասնավոր նախարար (ի՞նչ տարբերություն՝ նախարարի աշխատավարձը պետությունն է տալիս, թէ որևէ մասնավոր ընկերություն, ում հետ պետությունը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել): Բա հետո՞… Բա պետության դերը ո՞րն է: Ամեն ինչ մասնավորեցնե՞նք: (Օ, յուղոտ պատառ: Պատկերացրեք ի՜նչ ջեք-փոթ կխփի այն մասնավոր ընկերությունը, ով կշահի նախկին պետական հաշվապահությունն իրականացնելու պայմանագիրը:)

Մասնավոր ընկերությունը մտածում է իր բաժնետերերի հարստության ավելացման մասին: Դա է մասնավոր ընկերության նպատակը ու պետք չի նոր գյուտեր անել: Իսկ հանրային շահի մասին ո՞վ պետք է մտածի, եթե ոչ պետությունը: Փոխարեն մտածենք պետությունն ուժեղացնելու մասին, հանրային շահի մասին, մի քանի հոգու համար բիզնես ենք ստեղծում:

100.000 մարդ հանել գցել փողոց: Հենց այնպես, մի հարվածով: 100.000 պետական ծառայողը 100.000 ընտանիք են պահում: Լավ, վատ, բայց պահում են: Պետությունը չի կարող այսքան հեշտ, գրչի մի հարվածով 100.000 ընտանիքի ճակատագրի հետ խաղալ: Երկրում ն մասնավոր հատվածի համար բավարար բիզնես չկա: Մասնավոր բիզնեսում աշխատատեղերի պահանջարկը խիստ սահմանափակ է (չեմ խոսում սեզոնային աշխատանքի մասին. օրինակ՝ պահածոների գործարանում սեզոնային բանվոր): 100.000 մարդու մասնավոր հատվածն ինչպե՞ս է կլանելու: Թրեյնինգո՞վ: Լավ էլի, մեծ մարդ եք:

Պետություններն ուժեղ են այն ժամանակ, երբ կա փոխադարձ պատասխանատվություն՝ պետությունը պատասխանատու է քաղաքացիների, իսկ քաղաքացիները պետության համար: Պետության առաքելությունը բոլորի մասին հոգ տանելն է, այլ ոչ թե 100.000 հոգուն զոհ տալը մնացածի ենթադրյալ բարեկեցության համար: 100.000 հոգուն փողոց շպրտելու համար շատ խելք պետք չէ, բայց այդ ռեսուրսը ճիշտ օգտագործելն է, որ իմաստություն է պահանջում: Այսպես որ գնանք, կարո՞ղ է վաղը մյուս օրն էլ մեկը պահանջի Արցախը զոհել, որ Հայաստանը լավ ապրի: Մտահոգ եմ…..»:

Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը երեկ հայտարարել էր, որ «պետական մի շարք գործառույթներ պետք է պատվիրակել մասնավորին՝ թողնելով, թերևս, միայն անվտանգություն, կայունություն ու վերահսկողություն ապահովող գործառույթները: Պետական համակարգն ուռճացված է, ստեղծված են մի շարք «կեղծ», անգործունակ ինստիտուտներ: Ստեղծվել է վիճակ, երբ պետական համակարգի միջին օղակն օրենքով ամրագրել է իր կենսունակությունը, և անգամ նախարարներին դժվար է նրանց փոխել: Եթե չկարողացանք մոտավորապես 100 հազար մարդ հանել պետական համակարգից՝ դարձնելով նրանց բարձր որակմամբ աշխատողներ ու տեղավորելով մասնավոր սեկտորում, չենք ունենա առաջ գնալու, զարգացման հնարավորություն»:

 

*

*