Հրդեհից հոսանքազրկված Արտավան գյուղում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է

Գյուղից ոչ հեռու 200-300 տուկ խոտ է այրվել։
Artavan-gyux

Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում հոսանքի մատակարարումը վերականգնվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Արտավան համայնքի վարչական ղեկավար Ատոմ Վարդանյանը: Գյուղը հոսանքազրկվել էր մոտակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով:

«Իրավիճակը երեկվանից բավական փոխվել է, անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են: Հիմա կրակ կարծես թե չկա, միայն ծխացող հատված է մնացել, այն էլ ոչ մեծ տարածք է»,-ասաց Ատոմ Վարդանյանը:

Անդրադառնալով հրդեհի հետևանքով գյուղին հասցրած վնասի հարցին` Ատոմ Վարդանյանը նշեց, որ էական վնաս չի եղել: Միայն գյուղից ոչ հեռու գյուղացիները խոտ էին հավաքել, այդ մասում 200-300 տուկ խոտ է այրվել:

Համայնքի ղեկավարը նշեց, որ ներկայում էլ անհրաժեշտ գերատեսչությունների ներկայացուցիչները, մասնագետները տեղում են, շարունակում են աշխատել:

*

*