«Այստեղ քայլում են մեխանիկորեն, խոսում ու բարևում՝  ռոբոտի պես…»

«Իրենք էլ գիտեն, որ հայրենիքն ուրիշ է»
artagxt-menak-otarutyun

Լուսավոր հեռուների, ապագայի պայծառ տեսլականի շատերի երազանքը Հայաստանի սահմաններից դուրս է: Ի՞նչ են մտածում այն երիտասարդները, ովքեր կյանքի որոշակի հատված անցկացնելով Հայաստանում, անգամ կրթություն ստանալուց, աշխատանքի մեջ կայանալուց հետո էլ իրենց հետագա կյանքը պատկերացնում են այլ երկրում:  Արդյո՞ք այնտեղ հայտնվելուց հետո ամեն ինչ  համապատասխանում է իրենց պատկերացումներին, թե՞ տեսնում ենք իրականության մի կողմը միայն: Վեր կանգնելով բոլոր այն խնդիրներից, որոնք օտար երկրում ապրող մեր հայրենակիցների համար համընդհանուր են՝ փորձել ենք բացահայտել նաև առաջին հայացքից երջանիկների տխուր և խորքային խնդիրները:

Արսեն Մնացականյանը նրանցից մեկն է, ում բիզնես մտածողության համար մեր երկրի սահմանները շատ նեղ թվացին: Ունենալով սեփական տպարան, կայուն եկամուտ՝ որոշեց, որ Կանադայում նույն գործով կարելի է ավելի շատ գումար աշխատել: «Ուրիշ ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար…»: Առանց երկար-բարակ մտածելու՝ հավաքեց  ճամպրուկն ու հայտնվեց Կանադայում: Հեռու չգնաց, մեծ դժվարությամբ  նմանօրինակ մի աշխատանք էլ գտավ Կանադայում. աշխատում էր տպարանում՝ արդեն-ոչ թե հիմնադիր ղեկավար, այլ որպես սովորական աշխատակից՝ զրկված ազատության ամենաթեթև դրսևորումներից, որ կարող էր ունենալ որպես այդ երկրի քաղաքացի: Հենց այստեղից՝ հոգեբանական խնդիրներից թերևս ամենամեծը՝ իր երկրում կատվի գլուխ, օտարության մեջ՝ առյուծի պոչ, և այդ ամենը փոքր-ինչ ավելի  գումարով:

«Հիմա հետ գալու մասին չեմ էլ կարող մտածել:  Տարիների հետ հասկացա միայն, որ հոգևոր բավարարվածությանը և կարոտին չի կարող փոխարինել հաց ու պանիրի փոխարեն կերած երշիկով բրդուճը»,-ասում է Արսեն Մնացականյանը:

Աննա Հարությունյանը նույնպես օտար երկրում ապրող «երջանիկներից» մեկն է: Վստահ է, որ ոչինչ այլևս իրեն չի կարող համոզել, որ եվրոպական որևէ երկրում ապրելն ավելի լավ է, քան՝ Հայաստանում:

«Իրենք էլ գիտեն, որ հայրենիքն ուրիշ է, բայց ինչ-ինչ պատճառներով վախենում են թեկուզ հենց իրենք իրենց խոստվանելուց: Վախենում են ու արդարացնում իրենց օտարությունը. այս աշխատավարձով Հայաստանում ինչ կա, այսքան նպաստով չես ապրի, փողոցները կեղտոտ են, մարդիկ տխուր են, երեխեքին ապագա չկա… և այսպես շարունակ,-ասում է Աննան, ով բնակվում է Լեհաստանում և հավելում,- մեր երկրում ամեն ինչ շատ ավելի լավ է: Միգուցե այստեղ ամեն ինչ գեղեցիկ է, կոկիկ, օրենքով, միգուցե իշխանություններից այդքան զզված չեն մարդիկ, բայց այստեղ մարդիկ քայլում են մեխանիկորեն, խոսում ու բարևում են ռոբոտի պես, ժպտում են, բայց սառն են: Երբեք ոչ մի երկիր Հայաստան չի դառնա, ավելի ճիշտ՝ քեզ համար հայրենիք»:

Մասնագիտությամբ լեզվաբան Լիլիթ Հարությունյանն էլ երազանքների իրականացումը Իտալիայի մայրաքաղաքում էր փնտրում:

Գնաց երազանքի հետևից, աշխատեց, կարոտեց, փոշմանեց… Օրվա ընթացքում հասցնում է մի քանի աշխատավայրում լինել. խանութում մենեջեր-վաճառող է աշխատում, դրանից հետո մեկ այլ խանութում մի քանի ժամ հագուստ և կոշիկներ է վաճառում, շաբաթվա մեջ մի քանի օր էլ երեկոյան ժամերին իտալական ուտելիքի գովազդով է զբաղվում՝ առանց հանգստյան օրերի:

«Մեկ-մեկ ահավոր հոգնում եմ ամեն ինչից և ուզում եմ հետ գալ Հայաստան: Հայաստանի հետ կապված ամեն ինչին կարոտում եմ: Հայերիս ջիգյարը, թասիբը ոչ մի տեղ չկա: Եթե աշխատանք, ընկերներ ունես, ավելի լավ է քո երկրում մնաս: Շատ ռիսկային է դուրս գալ և ամեն ինչ զրոյից սկսել: Այստեղ բարեկամներ, հարազատներ ունեմ, բայց ինձ մենակ և անուժ եմ զգում»:

Օրինակները բազմաթիվ են, ենթադրությունը՝ մեկը. մարդիկ իրենց երկրից հեռու երջանիկ չեն՝ անկախ արտաքին դրսեւորումներից ու սոցցանցերում տարածվող ժպտադեմ լուսանկարներից:

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*